Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն. «Հարավային Կովկասում հնարավորություններն ավելի են, քան վտանգները»


Չեխիա -- Ջո Բայդենը հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 23-ը հոկտեմբերի 2009թ.
Չեխիա -- Ջո Բայդենը հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 23-ը հոկտեմբերի 2009թ.
«Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է», - հայտարարել է ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. - «Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, դուք տեսնում եք ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատեւ եւ լուծում չստացած տարաձայնություններում»:

Կարծիք հայտնելով, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից՝ Բայդենն ասել է. - «Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը»:

«Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն, ես կպնդեի, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ եւ ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի եւ Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջեւ են կանգնած», - ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

«Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21֊րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում», - կարծիք է հայտնել ԱՄՆ֊ի փոխնախագահն ու ընդգծել. - «Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, եւ, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես»:

Անդրադառնալով Կրեմլի դերակատարությանը տարածաշրջանում` Բայդենն ասել է, թե Ռուսաստանը հիմնական դերակատարներից մեկն է եւ կարող է էական ուժ լինել` դրական փոփոխությունների համար. - «Մենք փորձում ենք վերաբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մենք չենք ջնջում անցյալը: Մենք հստակ ընդգծում ենք, որ կա երկու սկզբունք, որոնք քննարկման ենթակա չեն. առաջին` չպետք է լինեն ազդեցության ոլորտներ, եւ երկրորդ` ցանկացած պետություն պետք է անարգել իր որոշումը կայացնի` ցանկացած դաշինքի միանալու շուրջ»:

ԱՄՆ֊ի փոխնախագահը Պրահա էր ժամանել` հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ Վաշինգտոնի նոր ծրագիրը ներկայացնելու համար: Ավելի վաղ նա խնդրի շուրջ բանակցություններ էր վարել Լեհաստանի եւ Ռումինիայի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG