Մատչելիության հղումներ

Բաքվում բացվել է ՍԾՏՀ-ի ԱԳ նախարարների նիստը


Հինգշաբթի օրը Բաքվում բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը: Հայաստանյան պատվիրակությունը` փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցում է հանդիպմանը:ԼՐԱՑՎԱԾ

«Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» անվամբ շարժումը Հայաստանի պատվիրակի Բաքու կատարած այցի կապակցությամբ փորձել է բողոքի ակցիա անցկացնել «Հայաթ Ռեջենսի» հյուրանոցի առջեւ, որտեղ տեղի է ունենում ԱԾՏՀ-ի նախարարական հանդիպումը, սակայն ոստիկանները այն խափանել են։ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» շարժման ղեկավար Ակիֆ Նաղին ձերբակալվել է։

«Նովոստի - Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ` Արման Կիրակոսյանը այսօր Բաքվում մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները «լրիվ տարբեր գործընթացներ են»: «Հայ - թուրքական հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերություններ են, եւ իրավական առումով դրանք որեւէ առնչություն չունեն Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի հետ», - հայտարարել է Արման Կիրակոսյանը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակցին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, հանդիպմասն ավարտից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն լրագրողներին ասել է, որ հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ «ջերմ, եղբայրական մթնոլորտում է անցել»։

«Ադրբեջանցի մեր եղբայրները չպետք է անհանգստանան։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնքան կարեւոր է մեզ համար, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը», - ընդգծել է Դավութօղլուն։

«17 տարի է, ինչ գրավված են Ադրբեջանի տարածքները, ինչը մենք դիտում ենք որպես թուրքական տարածքների գրավում: Եվ այս տարիների ընթացքում մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ արել ենք օկուպացիան դադարեցնելու համար», - ասել է Դավութօղլուն` հավելելով, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ վերջին ամիսներին Ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ ներդրում կկատարվի նաեւ այս խնդրի լուծման գործընթացում։ Վերջին ամիսներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ավելի ակտիվ են ընթացել, քան ամբողջ 17 տարիների ընթացքում էր։ Երկու երկրների նախագահները վերջին ամեիսների ընթացքում հինգ անգամ արդեն հանդիպել են։ Ստեղծվել է միջազգային խումբ, որը Լաչինի միջանցքում տեխնիկական խնդիրների ուսումնասիրություն է կատարել»։

«Թուրքիան նոր քաղաքականություն է իրականացնում Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ», - շարունակել է Թուրքիայի արտգործնախարարը, ով նաեւ անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ վերջին շրջանում ծագած տարաձայնություններին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ադրբեջանական դրոշի շուրջ բարձրացած աղմուկին։

«Ադրբեջանական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ինձ էլ անհանգստացրել է», - լրագրողներին ասել է Դավութօղլուն։ - «Այդ հարցի շուրջ քննությունը շարունակվում է։ Կա երկու վարկած՝ կամ դա պարզ սադրանք էր, կամ հասարակական կարգը պահպանողների կողմից թույլ տրված անփութություն։ Մեր կարծիքով, սադրանք էր, հետաքննության արդյունքում մեղավորները խստագույնս կպատժվեն»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, արտգործնախարար Դավութօղլուն հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ով ինչպես փոխանցում են Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչությունից հատուկ ընդգծել է, առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական։ Այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում։

Արման Կիրակոսյանը պատասխանել է նաեւ ադրբեջանցի լրագրողների հարցերին, որոնք, բնականաբար, վերաբերել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին։
«Թուրքիայի ղեկավարության այն հայտարարությունը, թե թուրք-հայկական սահմանը չի բացվի մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ մի բան է, իսկ թղթի վրա եղածը՝ բոլորովին այլ բան», - ասել է Արման Կիրակոսյանը՝ հավելելով. - «Հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց որեւէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման շուրջ, երկու կողմերի համաձայնության արդյունք են»։

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանում առաջացած պատկերացումներն ու Թուրքիայի դեմ ձեւավորված բացասական վերաբերմունքը փոխելու, պարզաբանումներ ներկայացնելու նպատակով էլ հոկտեմբերի 25-28-ը Բաքու է մեկնելու թուրք պատգամավորների պատվիրակությունը: Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի գծով հանձնաժողովի անդամները պաշտոնական այցելությամբ Բաքու են մեկնում Ադրբեջանի Միլի մեջլիսի հրավերով:

Հանդիպումներին եւ սպասվող քննարկումներին պատրաստվում են նաեւ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` չորեքշաբթի օրը «Մուսաֆաթ» կուսակցության շտաբում փակ դռների ետեւում հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են մի շարք կուսակցությունների առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ քաղաքագետներ: «Մուսաֆաթ» կուսակցության կենտրոնական գործադիր վարչության ղեկավար Արիֆ Հաջիլին APA գործակալությանը հայտնել է, որ փակ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակին, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սրանից բխող` Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային միասնություն» շարժման առաջնորդ Լալա Շովքեթն էլ կոչ է արել ընդդիմությանը իշխանությունների հետ միասնական քայլեր ձեռնարկել այս հարցում, մի կողմ թողնել դրոշի շուրջ ծագած պատմությունները եւ նախապատվությունը տալ Թուրքիայի հետ օպերատիվ համատեղ քայլեր ձեռնարկելուն: «Մինչեւ արձանագրությունների վավերացումը շատ բան հնարավոր է փոխել», - ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG