Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման եւս մի բանաձեւ ներկայացվեց ԱՄՆ-ի Սենատ


Սենատոր Ռոբերտ Մենենդես
Սենատոր Ռոբերտ Մենենդես

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատում երկու հայամետ օրենսդիրներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ, հաղորդում են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը:

Օրենսդրական նոր նախաձեռնությունը պատկանում է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին եւ հանրապետական սենատոր Զոն Էնսայնին: Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված 252 բանաձեւին:

Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը նույնպես կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում՝ ամերիկյան փաստաթղթերում արձանագրված հայկական ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկական զտումների եւ ցեղասպանության հարցերի նկատմամբ:

Անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը հայտնել էր, որ հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված բանաձեւի հովանավորների թիվն ավելացել է եւս 7-ով՝ հասնելով 134-ի:

Սենատում չորեքշաբթի օրը ներկայացված բանաձեւը պարունակում է 1916 թվականից մինչ այսօր արձանագրված` Հայոց ցեղասպանությանն աոնչվող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում ծավալուն մեջբերումներ կոնգրեսական լսումներից, բանաձեւերից եւ նախագահական հայտարարություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG