Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանությունը նոտա է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը


Ադրբեջանի արտգործնախարարությանը նոտա է հղել երկրում Թուրքիայի դեսպանությունը: APA գործակալության փոխանցմամբ` արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը հաստատել է նոտա ստանալու փաստը եւ նշել, որ պատասխանը պատրաստվում է:

Ինչպես մանրամասնում է ադրբեջանական գործակալությունը, Թուրքիայի դեսպանատան կրոնական հարցերով խորհրդական Մուզաֆար Շահինը հայտնել է, որ այսօր առավոտյան մի քանի մարդ, ներկայանալով իբրեւ բանվորներ, եկել են իրենց տարածք եւ իջեցրել թուրքական եւ ադրբեջանական դրոշները: Շահինի խոսքով` տարածքը, որտեղ իջեցվել են դրոշները, դիվանագիտական առաքելություն իրականացնող հաստատությունների շարքին է դասվում:

Ըստ APA գործակալության` հայտնի չէ, թե արդյո՞ք մշակութային կենտրոնը դիվանագիտական առաքելություն իրականացնող հաստատություն է:

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն էլ այսօր լրագրողներին ասել է. - «Թուրքերը մեծ նշանակություն են տալիս իրենց դրոշին, եւ պաշտոնական Անկարան պետք է անմիջապես հայտարարություն աներ, երբ Թուրքիայում ադրբեջանական դրոշների հետ կապված խնդիրներ առաջացան հոկտեմբերի 14-ին Բուրսայում Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ, ինչի առնչությամբ Բաքուն պաշտոնական նոտա էր հղել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG