Մատչելիության հղումներ

«Բջնիի» պաշտպանական կողմը «ծանրակշիռ» հիմնավորումներ է բերելու, որպեսզի Եվրադատարանը շուտ քննի ընկերության հայցը


«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը եւ Սուքիասյանը Եվրադատարան են ներկայացրել բողոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որով պահանջում են ընկերությանը փոխհատուցել 220 միլիոն եվրո գումար։

«Այդ պահանջը բաղկացած է նյութական վնասներից, որի մեջ մտնում են ե՛ւ փաստաբանական ծախսերը, ե՛ւ ռեալ այն վնասները, որը պատճառվել է, բաց թողնված օգուտն է մտնում, որ եթե ընկերությունը պրոբլեմ չունենար, ինչ օգուտներ կստանար, եւ նաեւ բարոյական վնասը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ ստացել է «Բջնի» ընկերության եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Գրանցման գործողություններից հետո Եվրադատարանը որոշելու է՝ արդյո՞ք բողոքն ընդունելի է, թե ոչ։ Բողոքը ըստ էության քննարկվելու է միայն Եվրոպական դատարանի կողմից ընդունվելուց հետո։

Բողոքները սովորաբար ընդունելի են համարվում, եթե բողոքաբերները դարձել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման զոհ։ Արա Զոհրաբյանի պնդմամբ, առկա են բոլոր հիմքերը, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության առնի «Բջնիի» գործը։ Փաստաբանի կարծիքով, մասնավորապես, խախտվել են «Բջնի» ընկերության «արդար դատաքննության» եւ «անկախ անկողմնակալ դատարանի կողմից գործի հրապարակային քննության» իրավունքները, «արդյունավետ պաշտպանության իրավական միջոցի» իրավունքը, «սեփականության իրավունքի անօրինական միջամտության» իրավունքը։

Զոհրաբյանի պնդմամբ, իր պաշտպանյալի՝ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի հանդեպ խտրականություն է կիրառվել։

«Խտրականության հիմքում դրված է այն պարզ իրողությունը, որ Խաչատուր Սուքիասյանը իր քաղաքական համոզմունքն էր հայտնել, նախագահական ընտրություններում սատարել քաղաքական մեկ գործչի, որը գործող նախագահի հակառակորդ կողմն էր», - ասաց փաստաբանը։

«Մենք փորձելու ենք ծանրակշիռ հիմնավորումներ բերել, որպեսզի մեր գործի ընդունելության հարցը շուտ կատարվի, որովհետեւ այս պահին «Բջնի» ընկերությունը գտնվում է սնանկության գործընթացում, որոշում է կայացվել ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին։ Բնականաբար, եթե երկու տարի հետո այս գործընթացը Եվրոպական դատարանը քննարկի, միգուցե այդ սուբյեկտը արդեն գոյություն էլ չունենա», - ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով. - «Այսինքն՝ ուշացված արդարադատությունը արդեն արդարադատություն չի կարող կոչվել»։

Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների հիման վրա 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը որոշում էր կայացրել «Բջնի» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, որը հետագա տույժերի եւ տուգանքների հետ այժմ կազմում է շուրջ 5.2 միլիարդ դրամ։ Գործարանի սեփականատերերը հրաժարվել էին վճարել տուգանքները, ինչից հետո Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք էր դրել ընկերության գույքի վրա։ Գործարանը աճուրդով վաճառելու անհաջող փորձերից հետո գործարանի նկատմամբ դատական կարգով սահմանվեց սնանկացման գործընթաց, որի ընթացքում դատարանի կողմից նշանակվեց սնանկության գործընթացի կառավարիչ։

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG