Մատչելիության հղումներ

Սովյալների թիվը աշխարհում առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդը


ՄԱԿ-ի պարենի գործակալությունները ուրբաթ օրը հրապարակել են նոր զեկույց, որի համաձայն` սովյալների թիվը աշխարհում առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է անցած չորս տասնամյակում։

Զեկույցում, որը պատրաստել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն ու Համաշխարհային պարենի ծրագիրը, ասված է, որ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհում սովյալների թիվը անցած մեկեւկես տարում շեշտակի աճել է։

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տնտեսագետ Դեյվիդ Դայվն ընդգծել է, որ հարկ է անհապաղ ներդրումներով աջակցել զարգացող երկրների գյուղատնտեսությանը։

«Բոլոր աղքատներն իրենց բյուջեի զգալի մասը տալիս են պարենին, անհրաժեշտ է նվազեցնել եւ մատչելի դարձնել սննդամթերքի գինը։ Դրան հասնելու միակ ուղին գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելն է», - նշել է Դայվը։

Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ ՄԱԿ-ի մասնագետները նշում են, որ ճգնաժամի արդունքում էապես նվազել է դրսում, մասնավորապես Ռուսաստանում աշխատող հայաստանցիների թիվը, ինչի հետեւանքով կրճատվել են ընտանիքների եկամուտները։

ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները վկայակոչում են Համաշխարհային բանկի փորձագետներին, ովքեր կարծիք են հայտնել, որ ճգնաժամի հետեւանքով աղքատների թիվը Հայաստանում կարող է ավելանալ եւս 172 հազարով եւ հասնել 906 հազարի։

Ցածր եկամուտով շատ ընտանիքներ արդեն սկսել են հացամթերքը փոխարինել էժան կարտոֆիլով եւ նվազեցնել մսի ու կաթնամթերքի օգտագործումը, ինչը վնասակար է առողջության համար։

Զեկույցում նշվում է, որ այս տարվա ապրիլին Հայաստանի կառավարությունը հրապարակել է հակաճգնաժամային ծրագիր եւ բարդ վիճակի հաղթահարմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք, ըստ փորձագետների, հնարավոր է իրականացնել միայն դրսից ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG