Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը խորհրդարան է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության բոլոր 7 պատգամավորները հոկտեմբերի 14-ին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ, Ազգային ժողովի նախագահի կողմից օրինագիծը շրջանառության մեջ պետք է դրվի առաջիկա երկու օրերի ընթացքում։ Ըստ նրա` օրենքի նախագիծն այժմ խորհրդարան ներկայացնելու նպատակը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին սպասվող «անցանկալի զարգացումները» կանխելն է, որոնք Սաֆարյանը կապում է հայ-թուրքական վերջին զարգացումների հետ։

«Հրաշալի հասկանում ենք, որ արձանագրությունների ստորագրումից հետո հաջորդ քայլը լինելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրումը եւ մեծ պայմանագրի նախապատրաստումը», - նշում է Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչեւ այս նախաձեռնությունը «Ժառանգություն»-ը գրավոր դիմել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովին՝ քննարկելու Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը։ Սաֆարյանի փոխանցմամբ ,Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը ողջունել է գաղափարը, բայցեւ հավելել, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքը պետք է կայացնի այդ որոշումը»։

Ստյոպա Սաֆարյանը նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունը իրատես կգտնվի եւ չի տապալի կամ դուրս չի մղի Լեռնային Ղարաբաղը ճանաչող օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգից, ինչպես վարվեց 2008 թվականի ապրիլին՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած նույնաբովանդակ օրինագծի հետ։

Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք դեռ չեն քննարկել օրենսդրական այս նախաձեռնության նպատակահարմարությունը եւ իրենց տեսակետը կհայտնեն քննարկելուց հետո։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, իրենց կուսակցությունը եւս դեռ չի քննարկել «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը։

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությամբ, Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը կվնասի բանակցային գործընթացին։

Իսկ արտախորհրդարանական ըննդիմությունը կարծում է, որ «Ժառանգության» այս նախաձեռնությունն այժմ արձագանք չի գտնի։

«Իշխանությունները պետք է գնային Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը մեկ տարի առաջ, երբ աշխարհում չճանաչված հանրապետությունների ճանաչման ալիք կար», - ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG