Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հորդորում է Թուրքիային արագացնել բարեփոխումները


Եվրամիությունը հորդորում է Թուրքիային արագացնել բարեփոխումները` կառույցին անդամակցելու հնարավորությունները մեծացնելու համար, ինչպես նաեւ հանդես է գալիս հատուկ կոչով Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի՝ ազատ արտահայտման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ։

«Պաշտոնական Անկարան մի շարք բարեփոխումներ է արձանագրել մարդու իրավունքներին եւ քրդական փոքրամասնությանը վերաբերող հարցերում», - արձանագրել է Եվրահանձնաժողովը` Թուրքիայի անդամակցության շուրջ այսօր հրապարակված հերթական [տարեկան] զեկույցում։

Այդուամենայնիվ, փաստաթղթի համաձայն, Թուրքիայի իշխանությունները դեռեւս հսկայական աշխատանք պետք է կատարեն` անդամակցության հասնելու համար։ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդմամբ, զեկույցում դեռեւս ներառված չեն Թուրքիայի քայլերը` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչը բավական բարձր գնահատականի է արժանացել ողջ աշխարհի՝ այդ թվում Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռեհնի կողմից։

«Ես ոգեշնչված եմ այն պատմական քայլերով, որ ձեռնարկեցին Թուրքիան եւ Հայաստանը՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այս գործընթացը պետք է որքան հնարավոր է շուտ հանգեցնի հարաբերությունների լիակատար կարգավորմանը», - հայտարարել է Ռեհնը։

Նա նաեւ հորդորել է Անկարային ջանքեր գործադրել Նոբելյան մրցանակակիր գրող Օրհան Փամուկին խոսքի ազատությունը խարխլող դատական հետապնդումներից պաշտպանելու համար։

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը, հիշեցնենք, անցած շաբաթ որոշում էր կայացրել, որի համաձայն այսուհետ յուրաքանչյուր ոք կարող է փոխհատուցում պահանջել Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողից` թուրքերի ինքնությունը վիրավորելու, մասնավորապես, Հայոց ցեղասպանության եւ քրդերի իրավունքների ոտնահարման մասին արած հայտարարությունների համար։ «Ասոշիեյթեդ փրես»-ի հաղորդմամբ, որոշման հիման վրա վեց մարդ արդեն Փամուկի դեմ հայց է ներկայացրել դատարան։

«Այս փաստը որեւէ դրական բան չի ասում խոսքի ազատությունը պաշտպանելու` Թուրքիայի ջանքերի մասին», – այսօր հայտարարել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռեհնը եւ հավելել. - «Ես կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանը քայլեր ձեռնարկել այսօրինակ խնդիրներից խուսափելու համար»։

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը ողջունել է Եվրահանձնաժողովի այսօրվա զեկույցը՝ պնդելով, թե դա մինչ օրս հրապարակված ամենաարդարացի ուսումնասիրությունն է։ Նա հայտարարել է, թե Թուրքիան հաստատակամ է մինչեւ վերջ իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, սակայն չի մանրամասնել` արդյոք Անկարան պատրաստ է կատարել նաեւ Եվրամիության պահանջը Կիպրոսի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG