Մատչելիության հղումներ

Բուրսա մեկնելու` նախագահի մտադրությունը մեկնաբանում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները


Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` «ոչինչ չի կարող խառնել այն քարտերը, որպեսզի նախագահ Սարգսյանը գնա Թուրքիա»:

Էդուարդ Շարմազանով
«Ինչպես հայտնի է, նախագահ Սարգսյանն ամիսներ առաջ ասել է, որ ինքը կմեկնի Թուրքիա, եթե մենք մոտ լինենք սահմանների բացմանը, կամ սահմանները բաց լինեն եւ մոտ լինենք սահմանների ապաշրջափակմանը: Ինչպես տեսանք, հայ - թուրքական գործընթացը գնում է դրական դինամիկայով, եւ այլեւս փաստ է այն արձանագրությունը, ըստ որի` Հայաստանն ու Թուրքիան պետք է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեն եւ նորմալացնեն հարաբերությունները», - ասաց Շարմազանովը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան հանդիպումը դիտելու նպատակով Բուրսա մեկնելու` Հայաստանի նախագահի մտադրությունը:

«Ինչպես նախագահը նշեց, այս պահից գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում, եւ եթե թուրքերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ապա, բնականաբար, ինքը կմեկնի եւ ամսի [հոկտեմբերի] 14-ին ներկա կլինի խաղին», - նշեց Հանրապետականի խոսնակը:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Ցյուրիխում թուրքական կողմի կեցվածքը, արձանագրությունների ստորագրումից հետո հնչող հայտարարությունները պետք է հիմք հանդիսանային, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարվեր Թուրքիա մեկնելուց, Շարմազանովը շեշտեց, որ բոլոր քննարկումներն ու եզրահանգումները պետք է լինեն ստորագրված փաստաթղթի շուրջ. - «Ստորագրված փաստաթղթում, ինչպես նշում են թե' հայկական կողմը, թե' թուրքական կողմը, թե' միջնորդ երկրները, չկան որեւէ նախապայմաններ: Ի վերջո, փաստաթուղթը արձանագրություններն են, այլ ոչ թե այս կամ այն գործչի հայտարարությունը»:

Կիրո Մանոյան
Դաշնակցության բյուրոյի Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, երկուշաբթի օրը անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Թուրքիա գնալու մտադրությանը, հայտարարել էր, թե դրանով նախագահը կշեղվի ի սկզբանե իր առաջադրած պայմաններից, քանի որ, Մանոյանի կարծիքով, «ո'չ սահմանի բացման նախաշեմին ենք, ո'չ էլ ապաշրջափակման մեջ»:

Նույն հարցի առնչությամբ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց. - «Նրա [նախագահի] գնալ-չգնալու հարցը էական չի, որովհետեւ դրանից այլեւս ոչինչ չի փոխվելու: Այդ ընթացքում մաքսիմում թուրքական կողմը կարող է անպարկեշտ վարքագիծ դրսեւորել` փորձելով եւս մեկ անգամ նվաստացնել հայկական կողմին, կամ, լավագույն դեպքում, իրեն զուսպ պահել, եւ ամեն ինչ անցնի հարթ: Բայց բուն հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված` սա ուղղակի որեւէ բան չի որոշում»:

Ստեփան Սաֆարյան
«Ցյուրիխում ակնհայտ դարձավ նաեւ, որ պրոցեսը խիստ վերահսկվում է միջազգային հանրության կողմից, եւ եթե դիմելու լինենք ֆուտբոլային տերմինաբանությանը, ինչը սիրում են անել մեր իշխանությունները, ապա հիմնական խաղացողն էլ, հանդիսատեսն էլ, դատավորն էլ միջազգային հանրությունն է, եւ Հայաստանն ու Թուրքիան տվյալ պարագայում առավելապես տիկնիկային թատրոնի, ներկայացման մասնակիցներ են, որոնցով ցույց են տալիս, թե իբր քայլեր են կատարվում», - պնդեց Սաֆարյանը` եզրակացնելով. - «Միջազգային հանրությունը ինքն է պարտադրելու լուծումները ստեղծված փակուղիներից, իսկ սա, կներեք, չի կարող անվանվել հայ - թուրքական հարաբերությունների նորմալացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG