Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հնարավորություն է տեսնում


Միջազգային ճգնաժամային խմբի` չորեքշաբթի երեկոյան հրապարակած զեկույցի համաձայն, Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնամյակ ձգվող բանակցությունների ընթացքում հիմնական սկզբունքների շուրջ նախնական ձեռքբերումները կարող են հաջողությամբ պսակվել:

«Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկած սկզբունքային հարցերում համաձայնեցման փուլում են: Հիմնական հարցերում անհամաձայնության հաղթահարումը կարող է հանգեցնել խաղաղ կարգավորման», - պնդում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները` կարծիք հայտնելով, որ Հայաստան - Թուրքիա հաշտեցմանն ուղղված ջանքերը հնարավորություն են տվել նաեւ հանգուցալուծման հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բազմակողմանի զիջումներ, բայց մտավախությունները, հատկապես` Հայաստանի հասարակության, կարող են ձախողել հնարավոր համաձայնեցումները, նշում է Միջազգային ճգնաժամային խումբը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին խորհուրդ տալով ավելի շատ ջանք գործադրել իրենց երկրներում հասարակությանը պատրաստելու ուղղությամբ:

Հրապարակված փաստաթղթում Միջազգային ճգնաժամային խումբը ընդգծում է նաեւ ստատուս քվոյի պահպանման վտանգը: Չնայած զինված հարձակման հնարավորությունը որեւէ կողմից քիչ հավանական է, այդուամենայնիվ, հայտարարված հրադադարը շատ ավելի փխրուն է դարձել, նշված է զեկույցում:

«Պաշտոնական բանակցություններն էլ չեն նվազեցրել հակամարտության կարգավորման եւ խնդրի մոտալուտ հանգուցալուծման հանդեպ կասկածները թե' Հայաստանում եւ թե' Ադրբեջանում: Երկու կողմում էլ կա անվստահություն միջնորդավորված գործընթացի հանդեպ, երկու կողմերն էլ կարծում են, որ բանակցությունները ձեւական բնույթ են կրում: Դա հանգեցրել է կասկածների, որ խաղաղ կարգավորումը նշանակում է հանձնվել, իսկ համաձայնագիր կնքած երկրների առաջնորդներն էլ կարող են մեղադրվել դավաճանության մեջ», - նշում է Միջազգային ճգնաժամային խումբը, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով իրազեկել հասարակություններին բանակցային սեղանին դրված տարբերակների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի մասին:

Խումբը նաեւ մի շարք քայլեր է առաջարկում բանակցող կողմերին, որոնք անհրաժեշտ է համարում: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է.

Վերահաստատել հրադարարի պայմանները, ինչը հնարավորություն կընձեռի խաղաղարար ուժերի առաքելություն իրականացնել, երբ հիմնախնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի:

Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը եւ ընդունի ԵԱՀԿ-ի առաջարկները՝ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, եւ երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն առաջ տանել խրամատները դեպի հակառակ կողմի դիրքերը:

Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության հետ, եւ Ադրբեջանը պետք է քայլեր եւ մեխանիզմներ մշակեն «գրավյալ» տարածքներից հայկական զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ:

Մինչեւ 2009 թվականի վերջը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է պաշտոնապես հաստատեն սկզբունքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթը եւ ամբողջությամբ ծանոթացնեն դրանց բովանդակությունը հասարակություններին:

Հայաստանը պետք է քաջալերի Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին` աջակցելու համաձայնագիրը:

Ադրբեջանը պետք է հնարավորություն ընձեռի Ղարաբաղի ադրբեջանցիներին ավելի մեծ դերակատություն ունենալ բանակցություններում եւ ներքաղաքական գործընթացներում:

Առաջարկ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին, այն է` դադարեցնել գրավյալ տարածքների վերաբնակեցումը, ենթակառուցվածքների զարգացումն ու սեփականաշնորհումը այդ տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG