Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 7-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ իրենք չեն կարող պնդել, թե հաշվարկել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բոլոր հնարավոր հետեւանքները: «Ֆուտբոլային դիվանագիտության ռահվիրայի» համար սա տարօրինակ եւ զարմանահրաշ խոստովանություն է. մի ամբողջ պետության եւ ժողովրդի ներքաշել մի խաղի մեջ՝ առանց դրա հնարավոր հետեւանքները հաշվարկելու, պարզապես հանճարեղ է: Եվ Սերժ Սարգսյանի վերը նշված խոստովանությունը վրաց-ռուսական պատերազմի օրերին փողկապի ծայրը կրծելու Սահակաշվիլիի արարքն է հիշեցնում: Սահակաշվիլին էլ չէր հաշվարկել վրաց-օսական պատերազմի բոլոր հնարավոր հետեւանքները, որովհետեւ անգամ Բիլ Գեյթսի աշխատասենյակում չկա այնպիսի համակարգիչ, որ կարողանար անել այդ հաշվարկը: Ահա նման ցավալի փաստն է պատճառը, որ չնայած տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացին, աշխարհի ոչ մի երկիր դիվանագիտական հաշվարկներում չի ապավինում համակարգչին. անգամ այնպիսի թվայնացված երկրում, ինչպիսին Ճապոնիան է, դիվանագիտական հաշվարկները շարունակում են մնալ բացառապես մարդկային ուղեղի մենաշնորհը»:

Անդրադառնալով վերջին օրերին արտերկրի հայկական գաղթօջախներում սփյուռքահայերի կազմակերպած բողոքի ցույցերին՝ «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Վստահ եմ, որ հայաստանյան պատվիրակության անդամները հանկարծակիի չեն եկել սփյուռքահայերի նման պահվածքից. հայրենի հողից կտրված մարդիկ կա'մ պահպանում են իրենց ինքնությունը՝ երազելով այդ հողի մասին, կա'լ էլ կորցնում են այդ ինքնությունը՝ ամբողջությամբ ձուլվելով իրենց երկրի մշակույթի մեջ: Օտար ափերում ապրող մեր հայրենակիցների համար «թուրք» բառը ոչ թե սոսկ էթնոսի անուն է, այլ հայհոյանք, բռնության, նենգության եւ վայրագության խորհրդանիշ: Եթե այդպես չլինի, սփյուռքահայը կդադարի այդպիսին լինելուց եւ կդառնա սովորական ֆրանսիացի, ամերիացի եւ լիբանանցի՝ հայկական արմատներով: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ: Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Ուրիշ հարց՝ արժե՞ արդյոք մազապուրծի [surviver-ի] այս հոգեբանությունը դնել պետական քաղաքականության հիմքում: Ինձ թվում է, դա քոչարյանական տասնամյակի ամենախոշոր սխալներից մեկն էր»:

Նույն թեման է արծարծում նաեւ «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը. - «Սփյուռքը իրականում բաղկացած է բազմախավ, բազմասեռ ու բազմատարիք, տարբեր հագուկապով ու տարբեր սնունդ օգտագործող, տարբեր կերպ ոչ միայն մտածող, այլեւ զգացող ու վերապրող կենդանի մարդկանց խառը բազմությունից, որոնք բնակեցնում են իրենց համար հայրենիք դարձած երկիրը։ Ուստիեւ խոսել, իսկ առավել եւս՝ բողոքել ողջ Սփյուռքի անունից ոչ ոք իրավունք չունի»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը գնահատում է 12 կուսակցությունների համատեղ ընդդիմադիր գործողությունները՝ բխեցնելով. - «Եվ այսպես, ավելի քան մեկ տարի օդում թեւածող «պրոժեկտն» իրականություն է. քաղաքական դաշտում ձեւավորվում է «ազգային ընդդիմադիր բեւեռը», որի առանցքը, ինչպեսեւ նախատեսված էր, Դաշնակցությունն է: Ընդ որում, չնայած կտրուկ հայտարարություններին, այդ բեւեռը, ըստ էության, բավականին կառուցողական է, որովհետեւ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, այլ նրանից ակնկալում է «ազգանպաստ քայլեր»: Դասական իմաստով, հենց այնպիսին էլ պիտի լինի «կառուցողական ընդդիմությունը». պիտի «մատնանշի» իշխանությունների սխալները եւ հորդորի ճիշտ քայլեր կատարել: Իսկ ահա «արմատական ընդդիմությունը», որպես կանոն, իշխանություններից որեւէ դրական ակնկալիք չի ունենում եւ պահանջում է անհապաղ հրաժարական: Թե այս իրավիճակում ում կողմն է հասարակության համակրանքը՝ ժամանակը ցույց կտա, բայց խնդիրն այս պահին դա չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի համար բախտորոշ իրադարձությունները կոնկրետ այս պահին ընթանում են ոչ թե հայ-թուրքական, այլ ղարաբաղյան «ճակատում»: Մինչդեռ նոր-նոր ձեւավորվող ընդդիմադիր բեւեռն այդ հարցին ընդհանրապես չի անդրադառնում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Հայ-թուրքական թոհուբոհի մեջ մի տեսակ մոռացվեց քաղբանտարկյալների թեման: Ցեղասպանության, սահմանների բացման, հայի դարավոր վրեժի մասին զգացմունքային խոսակցությունների արանքում մենք մոռացանք կենդանի մարդուն, այն մարդուն, որն այսօր բանտում է իր քաղաքական հայացքների ու քաղաքացիական կեցվածքի համար: Մոռացանք, որ արտաքին ու ներքին քաղաքականությունը նույն մեդալի երկու երեսն են, չի կարող իշխանությունը դաժան եւ անօրինական լինել ներքին հարցերում եւ օրինավոր ու դեմոկրատ՝ արտաքին խնդիրներում: Նիկոլ Փաշինյանին բանտում պահող իշխանությունը չի կարող արտաշխարհի հետ հարաբերությունները ճիշտ կառուցել, առաջնորդվել ազգային շահով, քանզի ազգային շահը պահանջում է նախեւառաջ բանտից ազատել լրագրող եւ քաղաքական գործիչ Փաշինյանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG