Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պնդում է, որ «19 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ ազատազրկման վայրերում»


Սեպտեմբերի 30-ին՝ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին որոշման կատարման ժամկետի վերջին օրը, ընդդիմությունն ու իրավապաշտպաններն արձանագրում են, որ քաղաքական դրդապատճառներով կալանավորված 19 անձինք այդպես էլ մնացին կալանավայրերում:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործընթացը որակեց «համաներման պարոդիա»՝ համոզմունք հայտնելով, որ դրանով չլուծվեց քաղաքական լարվածությունը թուլացնելու խնդիրը:

Խաչատրյանի խոսքով՝ իրավական առումով «կաղացող այս օրենքը բարոյական առումով էլ ոչինչ չտվեց», ինչի վառ ապացույցն այն է, որ համաներմամբ ազատ արձակվածների գործերը հերթով ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մոտավորապես 20-25 դիմում շուտով կհասնի արդեն Եվրոպական դատարան», - ասաց նա:

Համաներմամբ ազատ արձակված երեք տասնյակ, ընդդիմության բնորոշմամբ՝ քաղբանտարկյալները կմնային ազատազրկման վայրերում՝ եթե չլիներ միջազգային կառույցների ճնշումը:

«Համաներմանը տեքստը գրվել է այնպես, որ հնարավորինս շատ քաղկալանավորներ շարունակեն մնալ ազատազրկման վայրերում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: - «Եթե հնարավոր լիներ ազատ արձակվածներին պահել, անկասկած [իշխանությունները] կպահեին: Նրանք ուղղակի արտաքին եւ ներքին ճնշմանը չդիմանալով արեցին ինչ-որ քայլեր: Ու հիմա, քանի որ այդ ճնշումները չկան, նրանք, ընդհակառակը՝ ավելացնում են քաղբանտարկյալների թիվը: Տիգրանի [Առաքելյան] օրինակը դրա վառ դրսեւորումն է: Հիմա նա գտնվում է առողջական ծանր վիճակում: Բոլորը դա գիտեն... Ուղղակի հաճույքով սպասում են բացասական կամ ինչ-որ հանգուցալուծման»:

Եթե Տիգրան Առաքելյանի նկատմամբ համաներումը չի տարածվում, քանի որ նա հանցանքը գործել է համաներում հայտարարելուց հետո, ապա, ըստ Հարությունյանի, անազատության մեջ մնացած 19 քաղբանտարկյալներից 2-ը հաստատ պետք է ազատ արձակվեին: Խոսքը Ռոման Մնացականյանի եւ Սարգիս Հացպանյանի մասին է:

Ռոման Մնացականյանը կշարունակի կրել պատիժը բանտում հեռախոս ունենալու համար, իսկ Սարգիս Հացպանյանը բանտում կմնա առնվազն մեկուկես տարի, քանի որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից լինելը վկայող փաստաթուղթն այդպես էլ չգտնվեց, եւ նրա պատժաչափը կրճատվում է մեկ երրորդով:

«Ծանր, ծանրագույն հանցագործության համար դատապարտված մարդիկ, որոնք իշխանության հետ առնչություններ ունեն, կամ իշխանության պարագլուխներից որեւէ մեկի պատվերն են կատարել, նրանք շատ հաճախ ազատ են արձակվում շատ արագ: Ընտրակեղծիքների կազմակերպիչներն ու մասնակիցներն են հաշված օրերին կամ ամիսների ընթացքում ազատ արձակվում», - ասաց Վարդան Հարությունյանը: - «Բայց այդ դեպքում մարդուն հեռախոս կրելու համար շարունակել բանտում պահել, սա ցինիզմ է արդեն»:

Համաներմամբ, հիշեցնենք, ազատ է արձակվել Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի 43-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Սեդրանյանը, ով ձերբակալվել էր իր կուսակից Կարեն Հակոբյանի սպանության առնչությամբ:

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե համաներմանը տրվող գնակատականը պետք է լինի «միանշանակ դրական», քանի որ «դա նաեւ հունանիզմի արտահայտում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG