Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր, ՄԱԿ֊ում կլիներ ընդամենը 52 պետություն»


Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 28 սեպտեմբերի, 2009, լուսանկարը` արտգործնախարարության
Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 28 սեպտեմբերի, 2009, լուսանկարը` արտգործնախարարության

Երկուշաբթի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Շուրջ տասը րոպե շարունակված ելույթի ընթացքում նախարարը անդրադարձավ արտաքին քաղաքականության երկու հիմնական խնդիրներին` Ղարաբաղյան հակամարտությանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

«Ադրբեջանը միջազգային ասպարեզում շարունակաբար աղավաղում է Ղարաբաղյան խնդրի էությունը», - հայտարարեց Նալբանդյանը` հիշատակելով նույն ամբիոնից երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարի հնչեցրած ելույթը, որտեղ Էլմար Մամեդյարովը մեղադրել էր Հայաստանին ագրեսիայի եւ միջազգային իրավունքի սկզբունքները անտեսելու մեջ:

«Միջազգային հանրությունը հիշում է Ադրբեջանի կողմից իրականացված բացահայտ ագրեսիան, լայնածավալ ռազմական գործողություններն ու պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ` նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների մասնակցությամբ, ինչի արդյունքում զոհ գնացին տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարը ընդգծեց, թե պաշտոնական Երեւանի համոզմամբ` հակամարտության կարգավորման համար լուրջ հիմք կա, եթե կողմերը հավատարիմ մնան խնդրի խաղաղ, բանակցային կարգավորմանը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Նշելով, որ բանակցային սեղանին առկա սկզբունքների հիմքում ընկած են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Նալբանդյանը ընդգծեց. - «Ուժի չգործադրման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները հավասարապես կենսունակ են: Ոմանք երկար ժամանակ փորձում էին նվազեցնել ազգերի ինքնորոշման կարեւորությունը միջազգային իրավունքի համակարգում` որպես երկրորդական սկզբունք` ստորադասելով այն տարածքային ամբողջականությանը: Ես պետք է հիասթափեցնեմ երկակի չափանիշների պաշտպաններին. ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի դրույթներից մեկն է, դա է յուրաքանչյուր ժողովրդի ազատությունը` որոշել իր ճակատագիրն ու ապագան եւ պաշտպանել իր հավաքական իրավունքները, երբ դրանք վտանգված են: Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ֊ում կլիներ ընդամենը 52 անդամ պետություն` ներկայիս 192-ի փոխարեն»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` արտգործնախարարը նախ ներկայացրեց Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, որտեղ, իր իսկ բնորոշմամբ, փակ սահմանները եւ խզված հարաբերությունները սովորական երեւույթ են դարձել: «Այդուամենայնիվ, խիզախ քայլը եւ խիզախ արձագանքը խոստանում են բարելավել իրավիճակը», - հայտարարեց Նալբանդյանը:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, խոստանում է արդյունքներ տալ` չնայած բոլոր դժվարություններին: Անցած տարվա ընթացքում Շվեյցարիայի միջնորդների եւ այլ միջազգային գործընկերների աջակցությամբ մենք առաջընթաց արձանագրեցինք Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը բացելու եւ մեր հարաբերությունները առանց որեւէ նախապայմանի կարգավորելու ուղղությամբ: Մենք ուզում ենք վստահ լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը կարող է ի վերջո ետեւում թողնել անցյալի մտածողությունը, եւ մենք հույս ունենք, որ խոհեմությունը եւ խիզախությունը կգերակայեն վերջին վճռական քայլերը կատարելիս», - ՄԱԿ-ի ամբիոնից ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG