Մատչելիության հղումներ

Դենիզ Բայքալը ԵՄ-ի երկրների դեսպանների հետ քննարկել է հայ - թուրքական եւ Ղարաբաղի հարցերը


Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հինգշաբթի ուշ երեկոյան Անկարայում հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, ներկայացնելով իր դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների համատեքստում, մեկ անգամ եւս ընդգծել է, որ պաշտոնական Անկարան չպետք է բացի սահմանները, քանի դեռ Հայաստանը չի ազատել «գրավյալ տարածքները»: Ապա շեշտադրել է, թե «Ադրբեջանը կարեւոր երկիր է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Եվրամիության համար»:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ քննարկումների ժամանակ Դենիզ Բայքալը պնդել էր, թե այդ արձանագրությունները ծուղակ են Թուրքիայի համար արտաքին քաղաքականության ոլորտում։

«Հնարավոր է, որ, իրոք, արձանագրությունները խորհրդարանում չվավերացվեն, մինչեւ չազատագրվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, սակայն այստեղ բաց է մնում ապրիլի 24-ի հարցը», - հայտարարել է ընդդիմադիր Դենիզ Բայքալն ու մանրամասնել. - «Այդ ժամանակ մեզ կասեն, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մեզ դրանից խուսափելու որեւէ այլ ելք չի մնա, քան բացել Հայաստանի հետ սահմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG