Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայ - թուրքական հաշտեցումը չպետք է կապել Ղարաբաղյան կարգավորման հետ»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում եւս մեկ անգամ շեշտել է, որ հայ - թուրքական հաշտեցումը չպետք է կապել Ղարաբաղյան կարգավորման հետ:

«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը օգտակար է ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի, հեռանկարում` նաեւ Ադրբեջանի համար: Եվ եթե թուրքերի հետ բանակցային գործընթացը ընդհատվի ադրբեջանական գործոնի պատճառով, ապա, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է ասի իր խոսքը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Երբ թուրքերը ասում են, որ իրենք տեղաշարժի, արագ լուծման են ձգտում, նշանակում է` ասում են` «միակողմանիորեն ինչ-որ բան զիջեք»: Միաժամանակ, երբ մենք ասում ենք, որ այդ գործընթացները միմյանց հետ որեւէ կապ չունեն, նշանակում է` մենք չենք կարող միակողմանիորեն ինչ-որ բան զիջել», - մանրամասնել է Հայաստանի նախագահը` եզրակացնելով. - «Այսինքն, վերցնել ու կապել երկու գործընթացները` կնշանակի բարդացնել իրավիճակը»:

Անդրադառնալով Հայաստանյան քաղաքական ուժերի կողմից հնչող քննադատություններին, նաեւ այն պնդումներին, որ թուրքերի հետ չի կարելի հարաբերություններ հաստատել, քանի դեռ նրանք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը չպետք է հարաբերությունների կարգավորման նախապայման լինի. - «Եթե ես այդպես կարծեի, ապա գործընթացը չէի սկսի: Բայց իմ եզրակացությունը հետեւյալն է` ամեն ինչ կախված է գործընթացի արդյունքից. եթե այն արդյունավետ լինի` հարաբերություններ հաստատենք, սահմանները բացենք, ապա գործընթացի կողմնակիցները կշատանան: Հակառակ դեպքում, հնարավոր է, քննադատողները շատանան: Բայց այն, ինչ ես անում եմ, անում եմ համոզմունքով»:

Հարցին, թե ինչ պայմաններ է առաջադրում Հայաստանի նախագահը հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղի կապակցությամբ Թուրքիա մեկնելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Մենք ի սկզբանե ասել ենք, որ բանակցային գործընթացը սկսում եւ առաջ ենք շարժվում առանց նախապայմանների, այդ պատճառով ես որեւէ պայմաններ չունեմ: Ուզենք թե չուզենք` ֆուտբոլային այդ երկու հանդիպումները դարձել են քաղաքական գործընթացի բաղադրիչ մասը, այդ գործընթացը դեռ շարժման մեջ է, եւ ամեն ինչ կախված է այդ դինամիկայից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG