Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանի կարծիքով «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցում հավասարակշռությունը պահպանված չէ


Ուրբաթ օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնական եզրակացության վերաբերյալ իր գնահատականները, մասնավորապես, նշելով՝ «փորձել են սկզբից մինչեւ վերջ խնայել դատախազությանը»։

«Նույնիսկ այդ խոշտանգումների վերաբերյալ, որ դատախազությունը խոսք էր տվել, որ արդյունքներ կլինեն, մինչեւ օրս որեւէ արդյունք չկա։ Այս տեսակետից, իհարկե, ես տարակուսանք եմ ներկայացնում», - պարզաբանեց Հարությունյանը։

«Ընդհանրապես բացասական օրինակները հիմնականում բերած են ընդդիմությունից։ Այսինքն, հավասարակշռությունը պահպանված չէ», - կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանը։

«Որեւէ խոսք չկա, որ արտակարգ դրության ռեժիմը հիմնականում տարածվեց ընդդիմադիր զանգվածային լրատվական միջոցների վրա։ Մենք ինքներս դրա ականատեսն ենք եղել։ 10 մահվան դեպքերի հետ կապված շատ մեղմ վերաբերմունք. հիմնականում խոսում են ոստիկանությունից, Հատուկ քննչական ծառայությունից խոսում են այնքանով, որքանով չէին կարող չխոսել, դատախազությունից որեւէ խոսք չկա», - զեկույցի հետ կապված իր դժգոհությունները շարադրեց Արմեն Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ, հանձնաժողովի պաշտոնական զեկույցում «կոնկրետիկա» չկա։ Մասնավորապես, Հարությանյանի կարծիքով, շեշտադրումները, եզրակացությունները «ճիշտ են արել», բայց դա արել են «աբստրակտ» ձեւով, եւ եթե փորձել են կոնկրետացնել, հիմնական օրինակները բերել են ընդդիմությունից։

Արմեն Հարությունյանը դրական է համարում այն, որ հանձնաժողովի զեկույցում ճիշտ է ներկայացվել մարտի 1-ի դեպքերի պատճառահետեւանքային կապը։

«Հանձնաժողովը միանշանակ փաստում է, որ հիմնական պատճառները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ։ Այսինքն՝ փակ արտոնյալների խավ։ Իշխանության գերկենտրոնացում, եւ այլն։ Սրանք են եղել հիմնական պատճառները, իսկ հիմնական մեղավորը՝ իշխանությունն է», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ - «Համարում եմ, որ սա իրոք մեր իրականության, մեր քաղաքական ռեալիզմի համար 1 քայլ առաջ է, որովհետեւ նմանատիպ երեւույթի հետ մենք մինչեւ այսօր չէինք հանդիպել, որ իշխանական քաղաքական ուժերը իրենք իրենց վրա վերցնեն նմանատիպ խնդիրներ», - հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Արմեն Հարությունյանի կարծիքով զեկույցի դրական կողմերից է այն, որ նշվել են «այն հիմնական թերությունները», որոնք տեղ էին գտել նաեւ Օմբուդսմենի արտահերթ զեկույցում։ Մասնավորապես, այն, որ ոստիկանները Ազատության հրապարակում հայտնաբերված զինամթերքը վերցնում էին մերկ ձեռքերով՝ արժեզրկելով դրանց ապացուցողական նշանակությունը։ Բացի այդ, Օմբուդսմենը դրական է համարում այն, որ զեկույցում տեղ են գտել ոստիկանության կողմից մարդկանց ծեծի ենթարկելու փաստերը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ժամանակավոր հանձնաժողովը մարտի 1-ին ոստիկանության գործողությունները իրավաչափ է համարել, Արմեն Հարությունյանը պատասխանեց, թե դա բարդ է, ամեն մեկը իր փաստարկներն ունի, բայց ինքը մնում է այն կարծիքին, որ որոշ դեպքերում ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել։

Օմբուդսմենի զեկույցը արձանագրել էր, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանները ցուցարարներին հանրահավաքը դադարեցնելու պահանջ չեն ներկայացրել եւ անգամ ժամանակ չեն տրամադրել, մինչդեռ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր զեկույցում փաստում է, որ ոստիկանները մինչեւ հանրահավաքը ցրելու գործողություններին անցնելը հնչեցրել են «ազատե՛ք հրապարակը» կոչը եւ այդ մասին վկայում է ոստիկանության տրամադրած տեսանյութը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG