Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 17-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ, մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը գերազանցեց իշխանությունների սպասելիքները` հանձնաժողովի երկար սպասված զեկույցում ըստ էության լիովին արդարացնելով 2008-ի մարտի 1-ին նրա իրականացրած բոլոր գործողությունները եւ կատարվածի մեղքը բարդելով հանրահավաքների կազմակերպիչների վրա»:

Նույն թերթը խմբագրականում գրում է. - «Մեկ տարուց ավելի գործած մարտիմեկյան խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է բավարեր մեր հասարակության եւ միջազգային հանրության հետաքրքրությունը, ինչ-որ տեղ փոխարիներ իրավապահ մարմիններին, պարզվեց՝ ընդամենը աշխատանքի իմիտացիա է արել: Եզրակացության մասին կարծիք կազմելու համար բավական է ընթերցել միայն քոչարյանական «արտակարգ դրության» մասին եզրահանգումը: Պարզվում է՝ այն միակ եւ անհրաժեշտ քայլն էր, որը, ըստ հանձնաժողովի, չէր կարելի ուշացնել: Ավելին՝ եթե այն ավելի վաղ հայտարարվեր, գուցե հնարավոր լիներ խուսափել ծանր հետեւանքներից: Սահմանադրության ոտնահարմամբ ընդունված «արտակարգ դրությունը», որի ժամանակ 20 օր երկիրը ապրեց ստալինյան բռնապետության պայմաններում, երբ արգելված էր ազատ խոսքը, մարդու իրավունքների պաշտպանությունը մնացել էր թղթի կտորի վրա, խոչընդոտվել էր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների գործունեությունը, փաստորեն, մեր օրենսդիր մարմինը ողջունում է»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Նայելով Սերժ Սարգսյանի գործողություններին, նրա անվերապահ համաձայնողական արտաքին քաղաքականությանը, նույնիսկ ամենաազատական մարդը երեւի կցանկանա դառնալ ազգայնական, բայց նայելով Դաշնակցության ազգայնական գործողություններին, ամենաազգայնական, նույնիսկ ազգայնամոլ մարդը կհիասթափվի ազգայնականությունից եւ կերդվի լինել ծայրահեղ լիբերալ: Այսինքն՝ իշխանությունն ու Դաշնակցությունը ձեռք ձեռքի տված Հայաստանում, ըստ էության, վարկաբեկում են երկու հիմնական քաղաքական գաղափարախոսությունները՝ ազգայնականությունն ու լիբերալիզմը... Թե ո՞րն է դրա նպատակը՝ երեւի թե դժվար չէ հասկանալ: Եթե գաղափարախոսությունը անգամ չունի հասարակության 10 տոկոսի հավանությունը, միեւնույն է, իշխանության համար վտանգավոր է, քանի որ Հայաստանի իշխանությունն ինքը ապագաղափարական երեւույթ է: Գաղափարախոսությունն իշխանության համար պատից կախված զենք է, որը կարող է մի օր «կրակել», հետեւաբար պետք է այդ զենքը չլինի պատի վրա, չլինի որեւէ տեղ ընդհանրապես»:

lragir.am-ը գրում է. - «Հասարակությունը հայ-թուրքական քննարկումների մեջ չկա, անտարբեր է: Քաղաքական ուժերն էլ կարծես թե ավելի շատ ոչ թե հասարակությանն են փորձում ինչ-որ բան բացատրել, համոզել, ապացուցել, այլ ընդամենն՝ իրար: Կարծես թե վերջին հնարավորությունը Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 18-ին սպասվելիք հանրահավաքն է, որի ընթացքում կերեւա, թե արդյոք կոնգրեսը կարող է հանրային լուրջ տրամադրություն ապահովել: Եթե հանրահավաքում Կոնգրեսին էլ չհաջողվեց հանրության հետ հաստատել ինտերակտիվ բավարար մակարդակի շփում եւ բացատրել, որ հայ-թուրքական հարաբերության հաստատումը ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հասարակության գործն է, եւ հանրությունը պետք է որոշի, թե ով, ինչպես եւ երբ պետք է այդ հարաբերությունը կարգավորի, ապա կարող ենք ասել, որ դրանից հետո պարզապես պետք է ամեն մի քննարկում եւ խոսք դադարեցնեն մեր քաղաքական ուժերն ու ընդամենը հետեւեն, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում Թուրքիայում: Հայաստանում հնչում են, իհարկե, առանձին անհատների հանգամանալից, փաստարկված եւ հստակ կարծիքներ, որոնք սակայն հանրային տրամադրությունների գեներացման համար բավարար չեն, քանի որ անհատները չունեն կազմակերպական այն ենթակառուցվածքները, որ կան քաղաքական ուժերի պարագայում: Այսինքն, եթե նրանց խոսքն անգամ բավական լուրջ ազդեցություն է ունենում հասարակության վրա, ապա բացակայում են այն կազմակերպական խողովակները, որոնց միջոցով հանրային տրամադրությունը վերածվում է քաղաքական որոշումների վրա ազդող գործոնի»:

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի զարգացումներին: «Եվրոպայի խորհրդարանի պատգամավորը Բենիտա Ֆեռերո-Վալդներին խնդրել է Թբիլիսիում Եվրոմիության ներկայացչությանը հանձնարարել հետեւել Չախալյանի դատավարությանը», - փոխանցում է թերթը

«Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում, կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG