Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը կօգնի Հայաստանին նախապատրաստվել ազատ առեւտրի համաձայնագրի բանակցություններին


Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Հարավային Կովկասի վարչության ղեկավար Ջոն Կյաերը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց, որ ավելի ուշ՝ մինչեւ տարեվերջ Հայաստանի կառավարության հետ շփումների ընթացքում կհստակեցվեն, թե հատկապես որ ինստիտուցիոնալ կառույցներին են ուղղվելու այդ գումարները։

Այդ ամենի համար, ըստ Ջոն Կյաերի, անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը։ Եվրահանձնաժողովի պաշտոնյան հարկ համարեց ընդգծել վիզային ռեժիմի հեշտացման անհրաժեշտությունը. - «Եթե դուք հարցնեք մեր գործընկեր երկրների քաղաքացիներին, թե ինչն է ձեզ համար ամենակարեւորը, նրանց մեծ մասը կպատասխանի, որ դա Եվրոպայով ճամփորդելն է առանց լուրջ խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուկների եւ առանց մեծ ծախսերի։ Մենք գտնում ենք, որ սա արդարացված տեսակետ է»:

Կյաերը հավելեց, որ դրա համար անհրաժեշտ է մեծ վստահություն, ինչպես նաեւ երկու քայլի իրագործում. դա վիզային ռեժիմի հեշտացման, ինչպես նաեւ քաղաքացու վերադարձնելիության պայմանագրերի կնքումն է։

Ջոն Կյաերի պարզաբանմամբ, վիզային հեշտ ռեժիմը չի նախատեսում վիզայի ազատություն, այլ նշանակում է երկրի մուտքի արտոնագիր ստանալ ավելի դյուրին եւ ցածր գումարի սահմաններում։

Այս ամենով հանդերձ Եվրամիությունը լուրջ ուշադրություն է դարձնելու գործընկեր երկրներում ժողովրդավարության, օրենքի իշխանության եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակներին։ Եվրահանձնաժողովի պաշտոնյան հավաստիացրեց, որ եթե լինեն բացթողումներ, ապա իրենք պատրաստ են օգնել վերացնելու, հաղթահարելու դրանք:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իր հերթին, վստահեցրեց, որ Կառավարությունն արդեն իսկ քաղաքական կամք է դրսեւորել՝ Եվրամիության հետ այդ գործընթացները սկսելու։

«Մենք ակնկալում ենք լուրջ վարքագծային փոփոխություն: Մեր շուկան, դրա պայմանները պետք է ապահովեն նույն առավելությունները բիզնես անելու, ինչ որ Եվրամիության շուկաները», - ասաց նախարարը՝ հավելելով. - «Եվ բավականին հավակնոտ ենք ժամկետի իմաստով՝ որքան հնարավոր է շուտ հասնենք դրան»:

Ներսես Երիցյանը ենթադրում է, որ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման համար Հայաստանից կպահանջվի ընդամենը երեք տարի:

«Այս պահին ունենք որոշակի առաջընաց: Շուտով լինելու է համագործակցության կոմիտեի նիստը, եւ այդտեղ կամփոփվի այդ առաջընթացը: Բայց ամենակարեւորը ես շեշտադրեմ՝ ներկայացրել ենք հանրապետության վարչապետին եւ վերջինիս կողմից կհաստատվի ամբողջ կառավարման կառուցվածքը ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների շուրջ», - ասաց նախարարը՝ շարունակելով, թե գործընթացը չպետք է լինի հետեւյալ կերպ. - «Որ մեզ Եվրոպական միությունը խորհրդատվություն է տալու, եւ մենք դա անելու ենք եւ այլն: Պրոցեսը պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Այսինքն՝ մենք պետք է հավակնոտ ձեւով մեր խնդիրները հասկանանք, ձեւակերպենք եւ անընդհատ հետեւողականորեն գնանք Եվրամիության պաշտոնյաների հետեւից, որպեսզի գործընթացները արագացնեն: Դա երաշխիքն է, որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ժամկետում ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ համաձայնության գալ»:

Տարեսկզբին, հիշեցնենք, Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի փորձագետների ներկայացուցչական պատվիրակությունը։ Այցի նպատակն էր նախապատրաստել Հայաստանի Հանրապետություն - Եվրամիություն ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման հետագա բանակցային աշխատանքները։ Արեւելյան գործընկերությունը վեց երկրների համար ենթադրում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում, ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրմամբ Եվրամիության տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար Եվրամիության տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն՝ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի հեշտացմամբ, ռեադմիսիայի համաձայնագրերի կնքմամբ, էներգետիկ անվտանգության ընդլայնված միջոցառումներ, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսական օժանդակություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG