Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի հարցը չի քննարկել


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը չորեքշաբթի օրը Փարիզում կայացած նիստում չի հասցրել լսել Վեհաժողովի ընդունած 1677 բանաձեւով նախատեսված` Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի ուշ երեկոյան` նիստի ավարտից հետո «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց. - «Մոնիտորինգի նիստը շատ ծանրաբեռնված օրակարգ ուներ, եւ հարցերի քննարկումը Հայաստանի հարցի քննարկման ժամանակ ընդհատվեց»:

«Իսկ դա ի՞նչ է նշանակում, արդյոք ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ կմտնի՞, թե՞ չի մտնի հարցը, որեւէ որոշում չի՞ կայացրել Մոնիտորինգի հանձնաժողովը դրա վերաբերյալ», - այս հարցին Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Որեւէ նախադրյալ չկա այս պահին, որ մեր հարցը պետք է քննարկվի Վեհաժողովում, Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակ հարցը քննարկման առարկա է լինելու»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը հստակեցրեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին` ԵԽԽՎ-ի նստաշրջանի ժամանակ:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գիրգորյանը կանխատեսել էր, որ Հայաստանի հարցը Վեհաժողովի լիագումար նստաշրջանի օրակարգ չի մտնի, քանի որ «տեղյակ է եվրոպական այս կառույցում առկա տրամադրություններին»:

Չորեքշաբթի օրը Մոնիտորինգի հանձնաժողովը մի շարք անհետաձգելի հարցեր է քննարկել, եւ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի եւ Սերբիայի հարցերի քննարկումները օրակարգի վերջում էին նախատեսված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG