Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից


Հայաստան -- Ընդդիմադիր պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը կալանավայրից ազատ արձակվելուց հետո, Երեւան, 4 սեպտեմբերի, 2009 -- Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հայաստան -- Ընդդիմադիր պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը կալանավայրից ազատ արձակվելուց հետո, Երեւան, 4 սեպտեմբերի, 2009 -- Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանը, ով օրերս կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին, երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։<br»ԼՐԱՑՎԱԾ

«Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ իմ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ», - ասված է Սուքիասյանի տարածած հայտարարությունում։

«Ինձ չեմ պատկերացնում Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար վայր եմ դնում իմ պատգանավորական մանդատը», - հայտարարությունում ասել է Խաչատուր Սուքիասյանը՝ վստահություն հայտնելով, որ իր ընտրողները կողջունեն այս քայլը։

Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ բացի հայտարարությունից Սուքիասյանը նաեւ մանդատից հրաժարվելու վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացվել Ազգային Ժողովի նախագահին։

Պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու քայլի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Խաչատուր Սուքիասյանը մեր քաղաքական պայքարի ընկերն է, եւ ինքը շատ սպառիչ մեկնաբանել է իր քայլի հիմքում ընկած դրդապատճառները»։

Իսկ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Խաչատուր Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է, եւ բացառապես իր իրավունքն է մնալ քաղաքականության մեջ կամ հեռանալ»:

2008 թվականի մարտի հետընտրական զարգացումներից հետը Ազգային ժողովը բավարարեց Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի 4 պատգամավորների՝ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից եւ իրավապահ մարմիններին հնարավորություն տալով քրեական հետապնդում սկսել նրանց նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG