Մատչելիության հղումներ

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը պաշտպանում է իր նախկին գործընկերոջը


Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը, ով ցայսօր խուսափում էր լրագրողների հետ զրուցել նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի վերաբերյալ, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերջինիս բնութագրեց որպես «հայոց լեզվի հոյակապ մասնագետ՝ 30 տարվա աշխատանքային փորձով»՝ պնդելով, թե վերջինիս վերաբերյալ տարածվածը «հերյուրանքներ» են, որ վարկաբեկել են դպրոցը:

«Դա լրիվ միտում էր՝ սարքված այս դպրոցի հեղինակազրկման [նպատակով]», - ասաց Ենգիբարյանը:

եւ «Հայլուր»-ի թղթակից Սյուզան Սիմոնյան պատրաստած եւ անված տարբա նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժում, հիշեցնենք, խոսքն այն մասին էր, թե դպրոցում աշակերտները սեռական բնույթի ոտնձգությունների են ենթարկվել Լեւոն Ավագյանի կողմից: Այդ առնչությամբ ներկայումս քրեական գործ է հարուցված նույն դպրոցում ՄԱԿ-ի «Տասը լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում կամավորական աշխատանքներ իրականացրած խմբի անդամ, «S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ:

Տնօրենը ասաց, թե Լեւոն Ավագյանը դիմում է գրել եւ դպրոցից հեռացել է 2008-ի հունիսի սկզբին. - «Պատճառաբանեց միայն մի ձեւով՝ ես ի՞նչ երեսով գամ... Այս երեխաներին որպես ծնող եմ եղել, հարազատ եմ եղել, ես ինչպե՞ս կարող եմ երեխաների երեսին նայել»:

Դպրոցում ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում աշխատած կամավորներից Արման Ղարիբյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դիմումը գրվել է փոխադարձ պայմանավորվածության արդյունքում՝ այն բանից հետո, երբ իրենք տնօրենին զգուշացրել են, որ տեղյակ են ուսուցչի ոտնձգությունների մասին եւ ունեն փաստեր:

«Դրանից հետո մեզ [սեռական ոտնձգությունների ենթարկված] աղջիկները պատմեցին, որ [տնօրենը] կանչել է իր մոտ այդ երեք աղջիկներին եւ ասել է՝ ես կհեռացնեմ Ավագյանին, եթե դուք խոստանաք, որ այդ մասին այլեւս ոչ ոքի չեք պատմի»:
XS
SM
MD
LG