Մատչելիության հղումներ

Թումանյանի ծննդավայրում կանցկացվի տիկնիկային թատրոնների միջազգային չորրորդ փառատոնը


«Յունիմա-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանը
«Յունիմա-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանը

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնն այս տարի կնշանավորվի հայկական 2 նոր հեքիաթներով ու նրանց նոր հերոսներով:

Սեպտեմբերի 5-ին Նեսիի ու Դիլիի կերպարները կկենդանանան ու կշրջեն Դսեղում` մասնակցելով փառատոնի բացման առթիվ կազմակերպվող բացօթյա թատերականացված տոնախմբությանը: «Վիշապ Նեսին» հեքիաթի հեղինակը Նունե Սարգսյանն է` նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կինը, ով այժմ ապրում է Լոնդոնում, իսկ Դիլիջան քաղաքից իր անունը ստացած Դիլի արջուկի մասին հեքիաթը հեղինակել է Նինա Հովնանյանը:

Փառատոնը կազմակերպում է Տիկնիկային արվեստի գործիչների միության Հայկական կենտրոնը` «Յունիմա-Հայաստան»-ը, որը գլխավորում է Արմեն Սաֆարյանը: Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 11-ը:

Այս տարի նույնպես մասնակիցների կազմը միջազգային է. Հայաստանի, Արցախի ու Ջավախքի թատերախմբերից բացի, Դսեղում հանդես կգան նաեւ տիկնիկային թատրոններ Վրաստանից, Սլովենիայից, Հունգարիայից:

«Թումանյանական հեքիաթի օր»-ը ներկայացումներից բացի, կներառի տիկնիկային արվեստին վերաբերող մի շարք այլ միջոցառումներ. կունենան հատուկ հյուրեր, ովքեր կանցկացնեն վարպետության դասեր, կկազմակերպվի տիկնիկների ցուցահանդես, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Փառատոնի բացումը կկայանա Դսեղ գյուղի կենրոնական հրապարակում` Թումանյանի հուշարձանի մոտ: Այնուհետեւ 20 մրցութային ու 5 արտամրցութային խմբերը կներկայացնեն իրենց բեմադրությունները: Դրանց շարքում է նաեւ Դսեղի տիկնիկային թատրոնը, որը ձեւավորվել է հենց փառատոնի գործունեության արդյունքում: Արմեն Սաֆարյանը սա համարում է իրենց ամենամեծ նվաճումներից մեկը:
XS
SM
MD
LG