Մատչելիության հղումներ

Արզումանյան. «Զուգընթաց գնալու է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների արագացում»


Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «անհասկանալի» է համարում Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի տարածած համատեղ հայտարարության այն դրույթը, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված երկու արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի նախկին արտգործնախարարը հայտարարեց, որ միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված չէ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունները վավերացնել: Արզումանյանը, մասնավորապես, ասաց. - «Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 140 երկրների հետ։ Բոլորի հետ առանձին-առանձին ստորագրել է նման արձանագրություն եւ դրանցից ոչ մեկը չի վավերացվել։ Վավերացման ֆորմատը անհասկանալի է եւ դա հնարավորություն է տալիս ձգձգելու այդ արձանագրության՝ ուժի մեջ մտնելու պահը։ Այսինքն՝ նորից պատանդի կարգավիճակում պահել հայ-թուրքական հարաբերությունները՝ սպասելով, թե երբ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:

Նախկին արտգործնախարարը նշեց, որ ինքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովն է: Այդուհանդերձ, Արզումանյանը անընդունելի համարեց, իր բնորոշմամբ` «ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի հաշվին» կարգավորումը:

«Եռանախագահող երկրների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հանգուցալուծում են ակնկալում մինչեւ այս տարվա վերջը, եւ թվում է, թե կա միջազգային փոխհամաձայնություն հարցի արագ կարգավորման շուրջ։ Հայ-թուրքական հարաբերություններում այս արձանագրումը՝ արագացման եւ հանգուցալուծման, ցույց է տալիս, որ զուգընթաց գնալու է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների արագացում», - կարծիք հայտնեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի. - «Միջազգային հանրությունը ընդամենը [Սերժ Սարգսյանին] ասում է՝ դու ունես ժամանակ մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ պետք է կարգավորես քո հարցերը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է գնաս զիջումների։ Այդ զիջումներն իրականացնելու համար դու ինչ-որ հռետորաբանություն ես օգտագործել հայ-թուրքական հարաբերություններում ճանապարհ բացելու: Մենք կանենք քո ուզածը, սակայն այդ քայլերի դիմաց Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինելու էլ ավելի ակտիվ մասնակցելու ղարաբաղյան կարգավորման հարցով այն փաստաթղթի շուրջ բանակցություններին, որը ընդհանրապես անընդունելի է հայկական կողմերի համար»:

Ալեքսանդր Արզումանյանի պնդմամբ, սեղանին դրված «անընդունելի փաստաթուղթը վիժեցնելու եւ գործընթացը բնականոն ուղի վերադարձնելու համար» մնում է միայն մեկ ելք. - «Դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է։ Այսօր, ոչ միայն վտանգված է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, այլ Հայաստանի երրորդ հանրապետության գոյությունն ընդհանրապես։ Այս ոչ-լեգիտիմ իշխանությունները, որոնց բոլոր ճնշումների ենթարկելով ստիպում են թե՛ Լեռնային Ղարաբաղի հարցում գնալ զիջումների, եւ թե՛ կապում են այդ հարցի կարգավորումը հարեւան երկրների, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դա միայն հետեւանքն է ընտրությունների կեղծման, մարտի 1-ի սպանդի եւ ապօրինի իշխանությունների»։

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց այն պնդումներին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է շաղկապված մնալ ղարաբաղյան կարգավորման հետ. - «Որեւէ նախապայման չկա։ Ինքնին հասկանալի է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները գնում են դեպի դրական զարգացման, ի վերջո, դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն։ Բնականաբար, զուգահեռ նաեւ գնալու են հայ-ադրբեջանական բանակցությունները Ղարաբաղի հարցում։ Այնտեղ նույնպես փորձում ենք ակնկալել դրական միտումներ, բայց ուղղակի կապել, նախապայման դնել, կարծես թե հենց հիմա չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG