Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Մեր նպատակը մեր երկրի շուրջ ճգնաժամերից զերծ գոտու ստեղծումն է»


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու

«Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման նպատակը մեր երկրի շուրջ անվտանգ եւ ճգնաժամերից զերծ գոտու ստեղծումն է», - NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` երկուշաբթի երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Մերձավորարեւելյան իր ուղեւորության շրջանակներում Դամասկոսից Նիկոսիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն մանրամասնորեն անդրադարձել է հայ - թուրքական երկկողմ հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումներին:

Նրա խոսքերով` Շվեյցարիայի միջնորդությամբ երկուշաբթի օրը շրջանառության մեջ դրված երկու արձանագրությունների կարեւորագույն կետերից մեկը «առկա սահմանների ճանաչումն է»:

Դավութօղլուն նաեւ նշել է, որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կհանգեցնի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

«Սա գործընթաց է, որի ավարտին միայն հայ - թուրքական սահմանը չէ, որ կբացվի, բազմաթիվ սահմաններ կբացվեն», - վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նրա խոսքերով, սակայն, պաշտոնական Անկարան չի մոռանում նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: «Մենք ցանկանում ենք բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, սակայն նպատակ ունենք բարելավել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Դա թույլ կտա հարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում», - ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ երկուշաբթի օրը մոտ 40 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում հայ - թուրքական հարաբերությունները քննարկել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Հայ - թուրքական համատեղ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը` ողջունելով այդ հայտարարության ընդունումը:

«Միացյալ Նահանգների տեսակետը մնում է անփոփոխ` հարաբերությունների բարելավումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Հայ - թուրքական վերջին զարգացումներին խիստ բացասաբար է արձագանքել պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե «հայ - թուրքական սահմանի բացումը առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG