Մատչելիության հղումներ

Վերականգնվել է Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ «Թորոս Ռոսլինը»


Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինը», Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել է եւ օգոստոսի 27-ին վերջնականապես հանգրվանեց Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում։

«Թորոս Ռոսլինը» մեկն է Մինաս Ավետիսյանի Գյումրիում գտնվող 9 որմնանկարներից, որոնք բոլորն էլ մեծապես վնասվել էին 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից։

Որմնանկարի վերականգնողական աշխատանքները, որ տեւել են շուրջ 1 տարի, իրականացվել են Իտալիայից հրավիրված մասնագետների՝ Ֆաբրիցո Յակուպինիի եւ Լորենցո Կասամետիի կողմից։ Նրանք աշխատանքները կատարել են 3 փուլով, ընդհանուր առմամբ աշխատելով 1 ամիս եւ յուրաքանչյուր օրվա համար վարձատրվելով 600 եվրո։

Մշակույթի նախարարությունը վարձավճարի համար հատկացրել է 10 միլիոն դրամ։

Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը կատարված աշխատանքից գոհ է, բայց ասում է, որ շատ կարեւոր է վերականգնել մյուս որմնանկարները եւս։

«Անհրաժեշտ է փրկել եւս 8 որմնանկար։ Ասեմ, որ այն աշխատանքը, որը արեցին իտալացիները, որը ես նույնպես գնահատում եմ շատ-շատ բարձր՝ գերազանց, արդեն ուներ շուրջ 20 տոկոսի կորուստ, եթե ոչ ավելի։ Այն, ինչ կորսված է, երբեք չի արդարացվում, երբեք չի ավելացվում, նորից չի նկարվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արման Ավետիսյանը։

Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանի փոխանցմամբ, վերականգնողական աշխատանքները շարունակվելու են եւ իտալացի փորձագետների հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Վարհրամաբերդում գտնվող Մինաս Ավետիսյանի եւս մեկ որմնանկարի՝ «Արմենիայի» վերականգնման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG