Մատչելիության հղումներ

Անցած տարվա հետընտրական զարգացումների կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանների


Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է ներկայացրել 4 ոստիկանների, որոնք 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում ցուցարարների դեմ ուժ են կիրառել։ Այս մասին հինգշաբթի երեկոյան հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը։

Երեւանի պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելով բռնություններ կատարելը»։

Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, ըստ դատախազության հաղորդագրության, բռնությունների ենթարկված քաղաքացիների ինքնությունը պարզված չէ։

«Կոծկում է գնում ակնհայտ։ Մեղավորներին գտել են, բայց տուժողները անհայտ կորած են։ Այդպես չի կարող լինել։ Այդ միլիցիոներները, եթե գործողություն արել են, բնական է, որ մինչեւ վերջ արել են. բռնել են այդ մարդուն, տարել են բաժին։ Բա ո՞ւր կորավ, այդ մարդուն ծեծեցին ու ասացին՝ գնա տո՞ւն», - հարցնում է Քոչարյանը։

Եթե տուժողները չկան, հարուցված քրեական գործը, Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ, 1 կոպեկի արժեք չունի, որովհետեւ գործը կարող է կարճվել, կամ ոստիկանները կարող են համաներմամբ ազատ արձակվել։

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնից Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ոստիկանների նկատմամբ գործ հարուցելը շոու է եվրոպացիներին եւ հասարակական գործընթացներին ակտիվորեն չմասնակցող քաղաքացիներին ցուցադրելու նպատակով։

«Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հենց ինքը հարցադրում է արել դատախազին, որ բազմաթիվ են քաղաքացիները հիվանդանոցներում, ովքեր ուղեղի ցնցմամբ կամ գլխին բաց վերքերով առաջին բուժօգնություն են ստացել կամ շարունակում են բուժվել։ Եւ ընդամենը երկու դրվագով այսօր այդ իմիտացիան արվում է, իբրեւ թե իշխանությունները որոշել են պատժել ոստիկաններին», - կարծիք հայտնեց Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG