Մատչելիության հղումներ

Օգոստոսի 28-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության բարձրագույն սպայակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ բանակը հնարավորություն է տալիս վստահ հանդես գալ Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։ Անկեղծ ասած՝ դժվար է ասել, թե ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը եւ ո՞ւմ է այն ուղղված։ Այն, արդյոք, ուղղված է Ադրբեջանի՞ն, թե՞ միջնորդ համանախագահներին, թե՞ Հայաստանի քաղաքացիներին, թե՞ հենց բանակին։ Համենայնդեպս, հայտարարությունն ինքնին ուշագրավ է, որովհետեւ կարծես թե Սերժ Սարգսյանը, որը պաշտոնապես բացարձակ հաղթանակ է տարել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին ու հաղթել է նաեւ նախագահական ընտրություններին, պետք է որ բանակցությունների ընթացքում, եւ ընդհանրապես, իրեն վստահ զգար ոչ թե բանակով, այլ քաղաքացիներով, այն քաղաքացիներով, որոնք ձայն են տվել իրեն եւ իր կուսակցությանը։ Բայց նաեւ հասկանալի է, որ պաշտոնապես գրված ձայները որեւէ կապ չունեն իրականության հետ, հետեւաբար պարզ է, որ Սերժ Սարգսյանի հույսը մնում է բանակը։ Բայց ո՞ւմ դեմ է այդ հույսը։ Միջազգային հանրությա՞ն, որը Սերժ Սարգսյանին պարտադրում է աննախադեպ զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, թե՞ Հայաստանի քաղաքացիների, որոնք ամենայն հավանականությամբ թույլ չեն տալու Սերժ Սարգսյանին կյանքի կոչել այդ աննախադեպ զիջումները։ Երեւի թե իրականում հենց երկրորդ տարբերակի հետ էլ գործ ունենք, քանի որ հազիվ թե Սերժ Սարգսյանը միջազգային հանրության դեմ համարձակվեր բանակ ճոճել։ Իսկ ինչպե՞ս է այդ դեպքում բանակի վրա հենվելով իրեն վստահ զգալու Սերժ Սարգսյանը։ Երեւի թե շատ պարզ։ Նա բանակցային պրոցեսում իրեն վստահ է զգալու այն առումով, որ իր տված համաձայնությունների դեմ կանգնող քաղաքացիների դեմ կարող է ցանկացած պահի հանել բանակը»։

Թեման շարունակում է Lragir.am-ը. - «Վերադառնալով արձակուրդից, Սերժ Սարգսյանն այցելեց «Միասին» երիտասարդական շարժման ճամբար Սեւանում եւ Պաշտպանության նախարարություն։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը ապագա քաղաքական զարգացումներում հենվելու է այս երկու կառույցների վրա, մանավանդ որ մի քանի անգամ հայտարարել է, թե բանակն ամենամեծ երիտասարդական կառույցն է: Հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը ներկայում որեւէ հենարան չունի: Բանակը, թեեւ ըստ Սահմանադրության ապաքաղաքական կառույց է, սակայն քանիցս օգտագործվել է քաղաքական նպատակներով: Իսկ «Միասինը», որ հանրությանը հայտնի դարձավ բուհական մաֆիայի դեմ «ակցիաներով», Սեւանում հյուրընկալել էր Ռուսաստանի «նաշիստներին», ինչը գուցե ակնարկ է այն բանի, թե ինչ ձեւերով է շարունակելու գործել այդ շարժումը»:

«Հայոց աշխարհ»-ը խմբագրականում գրում է. - «Դատելով ամենից, ներքաղաքական առումով մեզ համեմատաբար խաղաղ աշուն է սպասում։ Իսկ լուրջ, բեկումնային իրադարձություններ ո՛չ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ո՛չ հայ-թուրքական հարաբերություններում այս աշնանը չեն սպասվում։ Ուստիեւ իշխանությունն ու ընդդիմությունը, չնայած ռազմատենչ հայտարարություններին, ոչ այնքան կպայքարեն, որքան պայքարի երեւութականություն կստեղծեն։ Աշնանը հիմնական պայքարը կծավալվի ոչ թե իշխանության ու ընդդիմության, այլ ընդդիմադիր ուժերի միջեւ՝ Տեր-Պետրոսյանից հետո պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնելու իրավունքի համար։ Ըստ որում՝ բնավ միանշանակ չէ, թե որն է լավ. հաղթե՞լը, թե՞ պարտվելը այդ մարտում»։

«Երկիր» շաբաթաթերթի հետ զրուցել է Ռուսաստանի Դաշնությունում Աբխազիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Ախբան։ Լրագրողը հարցնում է. - «Ղարաբաղի համար կարող է հրատապ դառնալ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը: Նման խնդիր դուք էլ ունեք. վրացիների վերադարձը Աբխազիա: Ի՞նչ փորձ ունի այդ գործընթացը»: Պատասխան. - «Մեզանում հստակ է պատկերը, թե ով է ապրել Աբխազիայում, ով` ոչ: Ո՞վ եւ ինչպե՞ս է դրսեւորել իրեն պատերազմի ժամանակ: Մենք թույլ տվեցինք վրացի փախստականների վերադարձը, հիմնականում` Գալիի շրջան: Ստորագրվեց քառակողմ ակտ փախստականների վերադարձի մասին, որոշվեց վերադառնալու մեխանիզմը, նշվեց, որ փախստականները սկզբում պետք է Գալիի շրջան վերադառնան: Գործընթացը վերահսկում էր ՄԱԿ-ը: Ասեմ, սակայն, որ գործընթացը սաբոտաժի էր ենթարկվում վրացական կողմից, եւ նշված սխեմայով փոքրաթիվ մարդիկ վերադարձան (200 մարդուց ոչ ավելի): Մեր հաշվարկներով` Աբխազիայում ներկայումս բնակվում է մոտ 50 հազար վրացի: Մինչեւ պատերազմը Աբխազիայում մոտ 200 հազար վրացի էր ապրում: Վրացիների իրավունքներն Աբխազիայում չեն ոտնահարվում. նրանք ներկայություն ունեն խորհրդարանում, շրջանային եւ գյուղական վարչակազմերում»:

Քաղաքական էլիտայի մասին իր տեսակետները «Իրավունքը դե ֆակտո»-ին է ներկայացրել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նա ասում է. - «Երբեմն ղարաբաղյան թեմայի շուրջ խոսում են իբր քաղաքական գործիչներ, որոնք ձողը չբարձրացրած, կարծում են, թե ծանրաձողը պիտի բարձրացնեն։ Ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային բոլոր այցերի ժամանակ հանրապետության նախագահը մշտապես հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ու այս տեսակետը մենք միշտ կրկնել ենք։ Ի՞նչ է նշանակում, թե նախագահը տեսակետ չի հայտնում։ Նախ` Հայաստանում քանի՞ նորմալ քաղաքական գործիչ է մնացել ասպարեզում։ Երեք ամիսը մեկ Ազգային ժողով են գալիս ինչ-որ ցուցակով ու մտածում են, թե արդեն դարձել են քաղաքական գործիչ։ Կոնկրետ ես «քաղաքական գործիչ» արտահայտությունն ինձ վերագրել եմ միայն վերջին տարիներին։ «Քաղաքական գործիչ» նշանակում է ճանապարհ, կրթություն, պայքար, վերելքներ, վայրէջքներ, ոչ թե սոսկ պատգամավորի մանդատ։ Այսինքն, մարդը պիտի կարողանա լավ ձայն ունենալ, հետո միայն երգել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG