Մատչելիության հղումներ

ԱԺ-ում հավատարմագրման նոր կարգը «սահմանափակում է լրագրողների հնարավորությունները»


Ուրբաթ օրը Ազգային ժողովի նախագահը հաստատել է լրագրողների հավատարմագրման նոր կարգը, որը, լրագրողներից շատերի համոզմամբ, նոր սահմանափակումներ մտցնում խորհրդարանի աշխատանքը լուսաբանողներ համար:

«Ազգային ժողովի նախագահի որոշմամբ հաստատված խորհրդարանում լրագրողների հավատարմագրման նոր կարգը սահմանափակում է լրագրողների հնարավորությունները օրենսդիր մարմնում աշխատելու համար եւ ուղղված է խոսքի ազատության դեմ», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Մի շարք լրագրողների համոզմամբ նույնպես հավատարմագրման նոր կարգը, մեղմ ասած, ունի վիճելի կողմեր։ Ըստ նոր կարգի՝ «հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն ԱԺ նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է [հասարակայնության հետ կապերի] վարչությունը»:

«Այդ մարդիկ ամեն ինչ անում են խոսքի ազատությունը ըստ էության սահմանափակելու, նվազեցնելու համար», - մեկնաբանեց Բարսեղյանը:

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը համաձայն չէ այս գնահատականներին եւ ասում է, թե որեւէ հիմք չկա նման կարգի խոսակցությունների համար:

«Նոր կարգի 24-րդ կետում հստակ նշված է՝ որեւէ ձեւով կամ եղանակով չի կարող գրաքննություն իրականացվել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ, ապահովվում են հավատարմագրված բոլոր լրագրողների համար ոչ խտրական պայմաններ, չի խոչընդոտվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել ոչ նիստերի օրերին արգելել լրագրողների մուտքը Ազգային ժողով, չէ՞ որ նման արգելքը, իրականում, խոչընդոտում է լրագրողների աշխատանքը` այդ թվում խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու գործում, Նաիրի Պետրոսյանը պատասխանեց, թե ընդունված կանոնակարգի վերջին կետի համաձայն, Աժ աշխատակազմի ղեկավարը չհավատարմագրված լրագրողներին կարող է տրամադրել ժամանակավոր անցագրեր։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ հաստատել վերոհիշյալ սահմանափակումը, խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղարը արձագանքեց. - «Մեխանիզմ պետք է լինի կարգավորման: Հստակեցված պետք է լինի ամեն ինչ: Դա ամբողջ աշխարհի գործող կարգն է»:

Ըստ նոր կանոնակարգի մեկ այլ կետի, ԱԺ-ում լրագրող չեն կարող հավատարմագրել այն հեռուստա ու ռադիոընկերությունները, որոնք թղթակցական կետեր չունեն Երեւանում։ Հարցին, թե ինչպես կարող է մարզերում գործող մոտ 30 հեռուստաընկերություններից մեկը լուսաբանել Ազգային ժողովի այն նիստը, ուր քննարկվում է, օրինակ, տվյալ մարզին վերաբերող ինչ-որ կարեւոր հարց, Պետրոսյանը պատասխանեց. - «Պետք է տվյալ հեռուստատեսության կամ լրատվամիջոցի ղեկավարը պարզապես զանգահարի հասարակայնության հետ հարաբերությունների վարչություն կամ ինձ՝ մամուլի քարտուղարին, պայմանավորվածությունը ձեռք բերվի, ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը, ուղարկեն գրավոր դիմում, որի հիման վրա հարցը կլուծվի»:

Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, մինչդեռ, այդ կետով «սահմանափակվում է այս [մարզային] լրատվամիջոցների սահմանադրական իրավունքը»:
XS
SM
MD
LG