Մատչելիության հղումներ

Չնայած կառավարության կանխատեսումներին՝ տնտեսական անկումը շարունակվում է


Հայաստան -- Կիսավարտ շինություն Երեւանի կենտրոնում, արխիվ
Հայաստան -- Կիսավարտ շինություն Երեւանի կենտրոնում, արխիվ

Չնայած կառավարության հնչեցրած լավատեսական կանխատեսումներին, Հայաստանի տնտեսական անկումը շարունակում է խորանալ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 18.5 տոկոսով։ ԼՐԱՑՎԱԾ

2009-ի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն անկում էր ապրել16,3 տոկոսով։ Այս ամիս ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերի արդյունքում գալիք ամիսներին տնտեսական անկումը կմեղմանա, եւ տարին Հայաստանը կեզրափակի 12 տոկոսանոց տնտեսական անկմամբ։

«Եթե նայենք [տնտեսական անկման] բովանդակությանը եւ ճյուղային կառուցվածքը, ապա կտեսնենք, որ անսպասելի բաներ այստեղ չկան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Դաշնակցական պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը։ - «Անկման պատճառներից մեկը շինարարությունն էր։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք լուրջ պրոբլեմներ ունենք մեր տնտեսական կառուցվածքի առումով, մեր նախկինում իրականացված տնտեսական քաղաքականության առումով եւ ուղղակի այս ճգնաժամը սրեց եւ էլ ավելի բացահայտեց եղած պրոբլեմները»։

Տնտեսության ճյուղերից տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը առաջին 7 ամիսների արդյունքներով գրանցվել է հենց շինարարության ոլորտում` կազմելով շուրջ 55,5 տոկոս, ինչը1 տոկոսային կետով ավելի վատ արդյունք է հունվար-հունիս ամիսների համեմատ։

Նռանյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունն այսօր բաղկացած է նեոլիբերալներից, ովքեր ստիպված են իրականացնել իրենց համար ոչ հոգեհարազատ քայլեր, միջազգային փոխառնությունների հաշվին իրականացնել տնտեսության համակարգաստեղծ ճյուղերի աջակցության ծրագրեր: Դրանով, ըստ նրա, կառավարությունն ընդամենը ժամանակ է ձգում՝ մինչեւ աշխարհում հաղթահարվի միջազգային ճգնաժամը, որից հետո կվերադառնանք «նույն տաշտակին», որի առջեւ Հայաստանը կանգնած էր տարիներ շարունակ:

«Մենք համոզված ենք, որ կառավարության անդամների փոփոխությունը չի հանգեցնի դրական արդյունքի: Մենք պետք է համոզված լինենք, որ այդ փոփոխությունը բերելու է նաեւ գաղափարախոսության փոփոխության: Մեր հասարակությունը, մեր կառավարությունը, իշխող ուժերը պետք է գիտակցեն, որ տնտեսական քաղաքականության մեջ պետք է լուրջ արմատական, գաղափարական փոփոխություն», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի (ՀՀԿ) խոսքով, այսօր շատ կարեւոր է հասկանալ՝ տնտեսական անկումը կայունանո՞ւմ է, թե՞ խորանում:

«Անկման խորացմանը զուգահեռ մենք ունենք կայունացման որոշակի դրսեւորումներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա; - «Հույս ունեմ, որ մեր վերջին եռամսյակի տվյալները թույլ կտան մեր [ՀՆԱ-ի] անկումը բերել 10-15 տոկոսի շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG