Մատչելիության հղումներ

Թուրքիայում փորձում են խթանել ժողովրդավարական բարեփոխումները, վերականգնվում են բնակավայրերի քրդական անվանումները


Քրդական փոքրամասնության դժգոհություններին արձագանքելու եւ Եվրամիության անդամության թեկնածությանն ընդառաջ իրականացվող բարեփոխումների նպատակով Թուրքիայում վերականգնվում են քրդական գյուղերի նախկին անվանումները, անգամ քննարկվում է քրդերենով կրոնական արարողությունների անցկացումը թույլատրելու հարցը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ, արձագանքելով քրդերի երկարամյա դժգոհություններին, եւ պետության ու անջատողական գրոհայինների միջեւ 25 տարի շարունակվող հակամարտությանը վերջ դնելու նպատակով, իր կառավարությունը մտադիր է խթանել երկրում ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը։

Էրդողանը փորձում է ստանալ Թուրքիայի հասարակության, զինվորականության եւ խորհրդարանի աջակցությունը իր «քրդական նախաձեռնության» հարցում, որի նպատակն է համոզել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին՝ վայր դնել զենքերը եւ դադարեցնել պայքարը, որի զոհերի թիվը այս տարիների ընթացքում գերազանցել է 40 հազարը։

Վերլուծաբանների կարծիքով, Էրդողանի նախաձեռնած քայլերը կպահանջեն Սահմանադրության եւ օրենքների լուրջ փոփոխություններ, ինչի համար անհրաժեշտ է հասարակական համաձայնություն, սակայն Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերը արդեն իսկ դեմ են արտահայտվել վարչապետի նախաձեռնությանը` փաստարկելով, որ գործընթացը կարող է վտանգել Թուրքիայի միասնությունը։

«Հաբերթուրք» թերթը այս կապակցությամբ տեղեկացնում է, որ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի նահանգային խորհրդի որոշմամբ վերականգնվել է քրդական մի բնակավայրի նախկին անվանումը, իսկ կենտրոնական իշխանության կողմից նշանակված նահանգապետը չի առարկել։ Նախկինում, ըստ թերթի, խորհրդի նման որոշումները նույն նահանգապետը վիճարկում էր դատական կարգով։

«Սա շատ դրական զարգացում է, մենք ցնցված ենք։ Կառավարության ժողովրդավարական նախաձեռնությունը առաջին անգամ իր պտուղներն է տալիս Դիարբեքիրում», - նահանգային խորհրդի նախագահ, քրդական «Ժողովրդական հասարակություն» կուսակցության անդամ Սեհմուս Բայհանի խոսքերն է մեջբերում «Հաբերթուրք»-ը։

Իսկ «Միլլիեթ»-ը գրում է, որ 1940-ից 2000 թվականներին՝ համատարած «թրքացման» ալիքի ժամանակ Թուրքիայում անվանափոխվել է բնակավայրերի մոտ մեկ երրորդը` ավելի քան 12 հազար քաղաք, ավան եւ գյուղ։ Թերթը հիշեցնում է, որ բնակավայրերի անվանափոխության նմանատիպ ալիք բարձրացել էր նաեւ Օսմանյան կայսրության վերջին տարիներին` մինչեւ առաջին աշխարհամարտը, եւ այն ժամանակ թուրքական անվանումներ էին ստանում հայկական, հունական եւ բուլղարական ծագում ունեցող բնակավայրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG