Մատչելիության հղումներ

Նախկին փոխնախարարը «անբավարար» է գնահատում կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը


Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ), Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Արծվիկ Մինասյանը, «ոչ իրատեսական» գնահատելով մինչեւ տարեվերջ տնտեսական անկման տեմպերը նվազեցնելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսումները, «անբավարար» է գնահատում կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը:

«Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը ես այսօր գնահատում եմ, եթե հինգ բալանոց սանդղակ վերցնենք՝ երկու գնահատականով, եւ համարում եմ, որ քանի դեռ ուշ չէ, մենք պետք է իսկապես հասկանանք, որ նույնիսկ միջազգային կազմակերպությունների տված խորհուրդներից մենք պետք է օգտվենք այնքանով, որքանով դրանք ազգային տնտեսության ձեւավորման հիմք կարող են հանդիսանալ», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Մինասյանը:

Արծվիկ Մինասյան
Նա հայտարարեց, որ եթե կառավարությունը չվերանայի իր քաղաքականությունը, ի վերջո կունենանք ամեն ինչի համար ոչ պիտանի տնտեսություն. - «Կիսատ-պռատ քաղաքականությունը չի կարող երաշխավորել արդյունավետ առաջընթաց, հետեւաբար իմ խոսքերի հիմնական շեշտադրումն այն է, որ կառավարությունը իսկապես պետք է վերանայի իր քաղաքականությունը, իր մոտեցումները եւ իրականացնի իսկապես արդյունավետ քաղաքականություն, այլ ոչ թե միայն խոսքերով կամ ամրագոտիներ կապելով կարող ենք պայքարել ճգնաժամի դեմ»:

Մինասյանը ակնարկն ակնհայտորեն ուղղված էր վարչապետին, ով կառավարության նախորդ նիստի իր ելույթում մեծ տեղ էր հատկացրել վարորդների կողմից ամրագոտիներ կապելով՝ որպես ընդհանուր առմամբ կարգուկանոնի հաստատմանն ուղղված կարեւոր քայլ:

Անդրադառնալով մինչեւ տարեվերջ անկման տեմպերը նվազեցնելու եւ 12-13 տոկոս ցուցանիշով տարին փակելու հեռանկարների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարություններին՝ դաշնակցական պատգամավորը դրանք նույնպես անիրատեսական որակեց: Իրատեսական չէ նաեւ, ըստ նրա, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի կանխատեսումը՝ 12-15 տոկոս անկում տարեվերջին:

Իսկ Մինասյանի կանխատեսմամբ՝ անկումը կմոտենա 20 տոկոսի:

«Որովհետեւ մեր տնտեսությունը չափազանց մեծ կախվածություն ունի հատկապես ռուսական տնտեսությունից, իսկ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հերթական ալիքն է գալիս, որը բերելու է նաեւ մեր տնտեսությանը նոր հարվածների, նոր վատ իրավիճակի առաջացմանը», - փաստարկեց նա:

Դաշնակցական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ տնտեսական իրավիճակի վատթարացումը Դաշնակցությանը չի մղի բողոքի ակցիաների, քանի որ իրենց խնդիրը «ոչ թե բողոքի ալիք բարձրացնելն է, այլ կառավարությանը ճիշտ ուղղորդելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG