Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունը, ըստ ԿԲ-ի նախկին նախագահի, «հիվանդ է»


Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպմանը;
Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպմանը;

Ըստ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, հայաստանյան տնտեսությունը հիվանդ է, քանի որ վերջին տարիների երկնիշ աճի հիմքը եղել են տրանսֆերտները: ԼՐԱՑՎԱԾ

«Ստացվում է, որ այսօր մենք հիվանդության պատճառը նույն հիվանդության միջոցներով ենք ուզում բուժել», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ասատրյանը՝ շարունակելով. - «Մեր տնտեսությունը, այո, շեղվել է այն պատճառով, որ զարգացման որոշիչ գործոնը եղել են տրանսֆերտները՝ փողի ներհոսքը: Այսօր փողի ներհոսքով չէ, որ մենք պետք է այս հիվանդ տնտեսության բուժումը իրականացնենք: Ես կարծում եմ եւ ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»:

Հանդիպմանը մասնակցող ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ի պատասխան հայտարարեց. - «Այդ տնտեսական հիվանդությունը այն է, ինչ որ մենք որդեգրել ենք 1996 թվականից այս կողմ, երբ դուք պաշտոնավարել եք: Ես քաղաքական պաշտոնում չեմ եւ քաղաքական հայտարարություններ չեմ անում»:

Արամյանի խոսքով, տնտեսական անկումը ավելի խորը եղավ, քան կանխատեսվում էր, սակայն 2009 թվականի պետբյուջեն կկատարվի՝ տնտեսության 12-15 տոկոս անկման պայմաններում, ինչը հնարավոր կլինի «կառավարության ընդլայնողական քաղաքականության արդյունավետության դեպքում». - «Որպեսզի տնտեսական անկումը թուլացվի, պետք է, որ կառավարությունը ընդլայնող լինի, այսինքն՝ փող ներարկի: Այսինքն՝ այն ծախսումները, որը չի կատարում մասնավոր հատվածը, պետությունն է կատարում: Հուլիսից այս կողմ ունենալու ենք մոտ 50 միլիարդի պակասուրդ: Այդ փողը ներարկվելու է տնտեսության մեջ: Տնտեսությունը պետք է կլանի այդ գումարները: Սրանից է հենց կախված, թե մենք ինչ արդյունքներ կունենանք տարվա վերջում»::

Ասատրյանի կանխատեսմամբ, մինչդեռ, 2010 թվականին Հայաստանի տնտեսությունը կրկին անկում կապրի. տարեվերջի 15 տոկոս անկմանը կգումարվի եւս 1-1,5 տոկոս:

«Հայաստանում տնտեսությունը լավագույն դեպքում կաճի 2011 թվականին՝ եւ միայն այն պատճառով, որ աշխարհի տնտեսություններն առողջանալու միտում են ցուցաբերում», - շարունակեց նա՝ շեշտելով, թե Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի ոչ այնքան Եվրամիության երկրների կամ Միացյալ Նահանգների, որքան Ռուսաստանի տնտեսական աճը:

Բագրատ Ասատրյանը, Վարդան Բոստանջյանը եւ Վարդան Արամյանը ասուլիսի ժամանակ:
Ազգային ժողովի բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանը խորհուրդ է տալիս «բացել աչքերը». - «Հիմա հասել ենք մի կետի, երբ պետք է օտարներից գումարներ խնդրենք եւ ներարկենք մեր տնտեսության մեջ»:

Մինչեւ լայնամասշտաբ վարկերի ստացումը Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմում էր մեկ միլիարդ 800 միլիոն դոլար: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից եւ Ռուսաստանից ստացված փոխառնություններից հետո արտաքին պարտքը հասել է 3 միլիարդի:

Անցած շաբաթ «Ֆինչ» հեղինակավոր կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկանիշը, ինչը, կազմակերպության մեկնաբանությամբ՝ կսահմանափակի Հայաստանի՝ վարկեր ստանալու հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG