Մատչելիության հղումներ

Ձեռնարկվելու են քայլեր կայքէջերի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ


Հայաստան -- Հակերների կողմից «դիմազրկված» Հարկային պետական ծառայության կայքէջը, 10-ը օգոստոսի, 2009 թ.
Հայաստան -- Հակերների կողմից «դիմազրկված» Հարկային պետական ծառայության կայքէջը, 10-ը օգոստոսի, 2009 թ.

Հայաստանի նախագահի աշխատակազմին կից հասարակության հետ կապերի ու տեղեկատվության կենտրոնն ու Ազգային անվտանգության ծառայությունը իրականացրել են հատուկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ի հայտ են բերվել երկրի պետական մարմինների կայքէջերի խոցելի տեղերը, եւ առաջիկայում ձեռնարկվելու են քայլեր այդ կայքէջերի խոցելիությունն էապես նվազեցնելու ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյան ասաց, թե այսօրվա աշխարհում չկան չկոտրվող կայքեր, սակայն այլ խնդիր է հատկապես պետական կառավարման մարմինների կայքէջերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը:

Վերջին շրջանում, հիշեցնենք, Հայաստանի պետական ու մասնավոր հատվածի մի շարք հաստատությունների կայքէջեր կրկին ենթարկվեցին հարձակումների, եւ որոշ փորձագետներ հարց բարձրացրեցին, թե ինչքանո՞վ է արդյունավետ ինտերնետ անվտանգությամբ զբաղվող մեր պետական մարմինների աշխատանքը:

«Մենք պատրաստվում ենք այդ ուսումնասիրության արդյունքները զեկուցել մեր ղեկավարությանը, եւ ես ավելի քան վստահ եմ, որ շատ կարճ ժամկետում դրանք կենթադրեն իրական կիրառական քայլեր այդ կայքէջերի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ», - ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, կայքէջերի խոցելիության պատճառներից մեկն այն է, որ մինչ օրս պատասխանատուները այդ կաքէջերը պատվիրել են ամենատարբեր ընկերությունների, որոնց տված անվտանգության երաշխիքները չեն բավարարում ժամանակի չափանիշներին:

«Արդեն իսկ մշակվում են չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի պետական կառավարման մարմնի որեւէ կայք», - հավելեց Սաղաթելյանը:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռեւս ապրիլի 30-ի կառավարության որոշումից հետո` ուժեղացնել պետական մարմինների կայքէջերի անվտանգության ապահովումը, ԱԱԾ-ում ստեղծվել է տեխնիկական հատուկ հանգույց, որի գործունեության արդյունքում հաջողվել է չեզոքացնել հայաստանյան պետական մարմինների կայքերի դեմ ուղղված հարձակումները։

Մինչդեռ, Հայաստանի վարչապետի գլխավորությամբ գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ, հայկական կողմի ձեռնարկած քայլերը ընդամենը պաշտպանական են եւ ամենակարեւորը` չկա համալիր մոտեցում։

«Մի հարձակում է կատարվում՝ մենք դրան ինչ-որ մի կարկատան ենք տալիս: Հետո մի ուրիշ տիպի հարձակում է լինում՝ մի ուրիշ կարկատան ենք տալիս: Չկա նախահարձակ, հայեցակարգային այն մոտեցումը, որը կմիավորեր ամբողջականությունը: Այսինքն՝ մենք կունենայինք լրիվ պատկերացում, թե ինչ է կատարվում կիբերտարածության մեջ եւ տեղեկատվական դաշտում եւ համապատասխանաբար կպատրաստվեինք դրան»:

Համալիր մոտեցման առումով այլ տեսակետ ունի Արա Սաղաթելյանը, ում ներկայացմամբ` վերջերս ընդունված Տեղեկատվական անվտանգության հայացեկարգն էլ հենց կոչված է ապահովելու պետության համալիր մոտեցումն առկա խնդիրներին։

«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը միանշանակ ուրվագծել է այն ամեն ինչը, ինչ հիմա արվում է: Հայեցակարգը իմպերատիվ կերպով թելադրում է նմանատիպ միջոցառումների իրականացումը: Սրանք բխում են տեղեկատվական քաղաքականությունից եւ պարտադիր բնույթ են կրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաղաթելյանը:

Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի վերաբերյալ Գարեգին Չուքասզյանի կարծիքն այլ է. - «Արդեն այն փաստը, որ մասնագիտական լուրջ եւ լայն քննարկումներ չի անցել [հայեցակարգը], խոսում է այն մասին, որ այդ փաստաթուղթը կաղում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG