Մատչելիության հղումներ

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները ներկայացնելու են եւս մեկ զեկույց


Լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանը (ՀԱԿ) եւ Սեդա Սաֆարյանը («Ժառանգություն»), ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Քոչարյանը, պատրաստվում են ներկայացնել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իրենց չորրորդ զեկույցը:

Անդրանիկ Քոչարյանը վաղ համարեց զեկույցի մանրամասների մասին խոսելը՝ նշելով. - «Մոտ ժամանակներս կներկայացվի թե' հանրությանը, թե' [Ազգային ժողովի] ժամանակավոր հանձնաժողովին, թե' եվրոպական կառույցներին, առանձնապես՝ պարոն Համմարբերգին, մարդու իրավունքների գրասենյակ»:

Նա չասած, թե հատկապես ինչին է վերաբերում զեկույցը. - «Բայց դա շատ կարեւոր է ժամանակավոր հանձնաժողովին ուղարկելու համար: Սպանության հանգամանքներին չի վերաբերում, այլ վերաբերում է մարտիմեկյան կոնկրետ մի գործընթացի, որին փաստահավաք խումբը առնչվել է, եւ, ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, որ ներկայացվի»:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկակացրեց, որ իրենց նախորդ երեք զեկույցները թարգմանվել ու ուղարկվել են եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Հարցին, թե ինչ են ակնկալում եվրոպական կառույցներից, Քոչարյանը պատասխանեց. - «Մենք գաղտնի ոչինչ չենք արել: Մենք գործել ենք ըստ գործող կարգի՝ թե' նախկինում, թե' հիմա: Իսկ հիմա գործում է Եվրախորհրդի 1677 բանաձեւը, որտեղ փաստահավաք խմբի յուրաքանչյուր անդամի տրված է հնարավորություն առանձին հանդես գալ զեկույցներով, ներկայացնել թե' հանրությանը, թե' եվրոպական կառույցներին: Մենք ուղարկում են եվրակառույցներին, որովհետեւ դրանք հրապարակված նյութեր են, եւ, վերջին հաշվով, փաստահավաք խումբը ստեղծվել էր այն ժամանակ պարոն Համմարբերգի եւ եվրակառույցների ճնշման ներքո: Եվ կարծում եմ, որ այդ նյութերը ինչքան հետաքրքրում են մեր հանրությանը, նույնչափ հետաքրքրում են նաեւ Եվրոպայի [խորհրդի] մարդու իրավունքների հանձնակատար Համմարբերգին եւ եվրակառույցներին»:

Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետը ասաց, որ իրենց վերլուծություններն առաջին հերթին ուղարկում են մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով: Նա, սակայն, որոշակի մտահոգություն հնչեցրեց հանձնաժողովի ներկա գործունեության կապակցությամբ. - «Մեր զեկույցների չքննարկման պարագայում հանձնաժողովի կողմից, ինչքան ես հասկանում եմ, նրանք գտնվում են խորը արձակուրդային վիճակում: Կամ՝ իրենց աշխատանքը չի երեւում հանրությանը, որի համար ես ափսոսում եմ, որովհետեւ այն զեկույցները, որ ուղարկել էինք ժամանակավոր հանձնաժողովին, դրանք խորը ուսումնասիրության կարիք էին զգում... Իրենք պետք է ավելի աչալուրջ լինեն այս զեկույցների նկատմամբ, որովհետեւ այնտեղ հրապարակված են բազմաթիվ փաստեր: Դրանք ամբողջական տեսքի չբերելու եւ զեկույցների մեջ չներառելու պարագայում, եթե այդպես լինի, ես կորակեմ [որպես] փաստերի կոծկում»:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը ավարտվում է սեպտեմբերի վերջին, եւ այն պետք է զեկույց ներկայացնի Ազգային ժողովին: Քոչարյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ իրենք անպայման կարձագանքեն՝ եթե իրենց արձանագրած փաստերից որեւէ մեկը ներառված չլինի զեկույցում:

«Կարձագանքենք՝ ցույց տալով չներառված փաստերը եւ շարունակելով մեր գործունությունը: Անկախ նրանից, թե վերջնական զեկույցը պարոն Նիկոյանի ինչպիսին կլինի, մենք մեր զեկույցները կշարունակենք հրապարակել մինչեւ այն պահը, մինչեւ որ բոլոր փաստերը՝ մեր կողմից հավաքված այդ 7-8 ամիսների ընթացքում, համարենք ավարտված», - մանրամասնեց նա:

Հարցին, թե իրենց ձեռքի տակ եղած փաստերը կբավարարե՞ն արդյոք բոլոր տասը զոհերի մահվան հանգամանքները բացահայտելուն, Քոչարյանը պատասխանեց. - «Ոչ: Եթե փաստահավաք խումբը չկասեցվեր, անպայման մենք կշարունակեինք գնալ առաջ եւ, կարծում եմ, կունենայինք հաջողություններ: Մենք ի մի ենք բերել այն նյութերը, որ փաստահավաք խումբը կարողացել էր իր աշխատանքի ընթացքում հավաքել: Մեզ հաջողվեց նաեւ փաստահավաք խմբի լուծարումից հետո ի մի բերել նյութերի որոշակի մաս: Մյուս մասը, կարծում եմ, որ պետք է արդեն իրականացնի նախաքննական մարմինը, որի կողմից ես որեւէ շահագրգռվածություն չեմ նկատել թե' նախկինում, թե' հիմա»:

Շուրջ մեկ ամիս առաջ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը, ըստ Քոչարյանի, կարող է իմիտացիա լինել. - «Հարուցված է ընդամենը քրեական գործ, բայց կոնկրետ ում նկատմամբ՝ այդպիսի ինֆորմացիա չունեմ: Կարծում եմ, քրեական գործ կոնկրետ ոստիկանի նկատմամբ այս պահի դրությամբ գոյություն չունի»:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ («Բարգավաճ Հայաստան») Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը այժմ ակտիվորեն աշխատում է եզրափակիչ եզրակացության վրա եւ հաջորդ շաբաթվանից կվերսկսվեն աշխատանքային նիստերը:

«Բոլոր տենդենցները կան, որ հանձնաժողովը լրացուցիչ ժամանակ Ազգային ժողովից իր գործունեության համար չխնդրի: Անհրաժեշտ նյութերը կան. թե' իրավապահների գործողությունների հետ կապված, թե' բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված: Իհարկե, տասը մահվան հանգամանքների հետ կապված եթե ասենք, որ բավարար արդյունքի հասել ենք, անկեղծ չի լինի, այդուհանդերձ, կարծում եմ եւ վստահ եմ, որ հանձնաժողովի եզրակացությունը լինելու է այնպիսին, որ բավարարելու է հանրության մեծ հատվածին», - ասաց Զոհրաբյան՝ հավելելով, որ ուսումնասիրվում են ինչպես փաստահավաք խմբի ներկայացրած նյութերը, այնպես էլ մամուլի հրապարակումները, եւ եթե ապացուցվի դրանց անաչառությունն ու փաստարկվածությունը, ապա ինքը անձամբ պնդելու է, որ դրանք ընդգրկվեն հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG