Մատչելիության հղումներ

Հուլիսի 29-ի մամուլ


Ի պատասխան փաստաբանների հասցեին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի քննադատությանը` Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Առավոտ»-ին ասել է. - «Ես համարում եմ, որ գլխավոր դատախազը տվյալ դեպքում` որպես միջակություն է արտահայտվում: Նույնը կասեմ նաեւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի մասին` միջակություն է: Քանի որ այն, ինչ նրանք արել են տարիների ընթացքում` ինձ մոտ կարծիք է ձեւավորվել, թե նրանք որակյալ դատախազներ չեն»: Ռուբեն Սահակյանն անդրադարձել է նաեւ մի շարք փաստաբանների նկատմամբ հարուցված գործերին` ընդգծելով. - «Քաղաքական այս լարվածության պայմաններում իմաստ ունե՞ր նման քրգործեր հարուցել: Չէ՞ որ դրանք բոլորը վերաբերում են մարտի 1-ի գործերին: Քաղաքական հոտառություն էլ չունեն գործ հարուցողները կամ հարուցելու հանձնարարություն տվող պարոնայք»:

«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում կարեւոր բացահայտում է ներկայացնում. - «Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո բավականին տարօրինակ զարգացումներ տեղի ունեցան, որոնք բազմաթիվ հարցերի տեղիք էին տալիս: Եւ ահա երեկ մենք հավաստի տեղեկություններ ստացանք, որոնք, թերեւս, կարող են մոսկովյան հանդիպումից հետո կատարված ամեն ինչի, հնչած ամեն մի խոսքի բացատրությունը տալ: Ըստ այդ տեղեկությունների, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Մոսկվայում ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթուղթ: Մեր աղբյուրները հայտնում են, որ փաստաթղթի ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռքբերվել տեղի ունեցածը գաղտնի պահել, առնվազն մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը: Ըստ նույն այդ աղբյուրների, այս ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է քայլ առ քայլ, փոքր-փոքր արտահոսքերով իրենց ժողովուրդներին նախապատրաստեին հակամարտության կարգավորման փաստաթղթի ստորագրման լուրին»:

lragir.am-ը ենթադրվող փաստաթղթի մասին գրում է. - «Երեւի թե բացարձակապես ավելորդ եւ անիմաստ է այլեւս քննարկել, թե արդյոք հայկական կողմի համար ձեռնտու էին մադրիդյան սկզբունքները, թե ոչ, արդյոք դա մեր դիվանագիտության ձեռքբերում էր, թե անհաջողություն: Փաստն այն է, որ այդ ամենն արդեն պատմություն են, եւ մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, որն առայժմ բացարձակապես անհայտ է: Ի՞նչն է նորացվել մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթում, այդ «նորացումը» տեղի է ունեցել մադրիդյան փաստաթղթում Ադրբեջանի՞, թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ձեռնտու սկզբունքների հաշվին: Այժմ թերեւս հենց այդ հարցերի պատասխանն է կարեւոր: Թե հատկապես որ հարցերում է Սարգսյան-Նալբանդյան զույգն ավելի փափուկ կամ այսպես ասած կառուցողական, քան Քոչարյան-Օսկանյան զույգն էր, երեւի թե կերեւա առաջիկա ամիսների ընթացքում, երբ արտահոսքեր լինեն նաեւ նորացված տարբերակից: Կարեւոր է նաեւ, թե ինչու է Սարգսյան-Նալբանդյան զույգն ավելի «կառուցողական»: Ի՞նչ են խոստացել նրանց այդ կառուցողականության դիմաց: Հայկական կողմի համար Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարի պարզության տեսանկյունից թերեւս շատ կարեւոր է որքան հնարավոր է շուտ ունենալ այդ հարցերի պատասխանները, անդառնալիության վտանգից խուսափելու համար: Խնդիրն այն է, որ մեղմ ասած մտավախություն կա, թե բանակցության գործընթացում կողմերը մադրիդյան սկզբունքներին են հրաժեշտ տվել, իսկ հայկական կողմը՝ նաեւ ընդհանրապես բոլոր սկզբունքներին»:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ին է ներկայացրել իր տպավորությունները Ղարաբաղից, մասնավորապես՝ առաջարկվող «Մադրիդյան սկզբունքներին» ղարաբաղցիների վերաբերմունքից. - «Նախ՝ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես Մադրիդյան սկզբունքներն ամփոփող փաստաթուղթը չեն ստացել։ Հետեւաբար պաշտոնական դիրքորոշում եւս նրանք երբեւէ չեն արտահայտել, թեեւ տեղյակ են, թե բանակցությունները շարունակելու համար Մինսկի խումբը ինչ սկզբունքներ է առաջարկում։ Նրանք հաստատում էին, որ մինչ այժմ շրջանառության մեջ դրված բոլոր առաջարկներից այս փաստաթուղթը տարբերվում է որակապես, քանի որ հակամարտությունը արդարացի լուծելու հնարավորություն կարող է տալ։ Միաժամանակ արտահայտում էին որոշակի մտահոգություններ, որոնք անհիմն չեն։ Մենք նկատեցինք, որ Արցախի իշխանությունները աներկբա վստահում են Սերժ Սարգսյանին։ Արցախում որեւէ մեկը երբեւէ հնարավոր չի համարում, որ քաղաքական բանակցությունների արդյունքում Սերժ Սարգսյանը զիջումներ կատարի Հայաստանի ու Արցախի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներում»։

«Ազգ»-ը գրում է. - «Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարների նիստին երկուշաբթի Բրյուսելում որոշվել է երկարաձգել Վրաստանում Եվրամիոթւյան դիտորդական առաքելության մանդատի ժամկետը եւս մեկ տարով` մինչեւ 2010-ի սեպտեմբերի 14-ը: Ըստ էության, Եվրամիության առաքելությունը միակն է միջազգային կառույցների մանդատներից, որ դեռ գործում է Վրաստանում: Խնդիրն այն է, որ Եվրոմիության առաքելությունը Վրաստանում պաշտոնապես սկսել է աշխատել 2008-ի հոկտեմբերի 1-ից, օգոստոսյան պատերազմից հետո եւ ցայսօր որեւէ դիտորդ մուտք չի գործել Աբխազիա կամ Հարավային Օսիա: Առաքելության կազմում մոտ 200 չզինված դիտորդներ են Եվրամիության 22 երկրներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG