Մատչելիության հղումներ

Կրակովում համանախագահները պատրաստել են Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Կրակովում պատրաստել են Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, ինչը, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գնահատմամբ, հիմք է ստեղծում ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի հասցնելու համար։

Հուլիսի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մեթյու Բրայզան, մասնավորապես, հայտնեց հետեւյալը. - «Կրակովում համանախագահները արդյունավետ եւ ստեղծագործ քննարկումներ ունեցան անցած մի քանի օրերին։ Մենք ամենայն զգուշությամբ կշռադատեցինք 2007-ի նոյեմբերից՝ Մադրիդյան փաստաթղթի ներկայացումից ի վեր երկու կողմերի արտահայտած դիրքորոշումները։ Այնուհետեւ, հիմք ընդունելով 2009 թվականի հուլիսի 10-ին մեր երեք նախագահների հայտարարությամբ տրված ցուցումը, մենք պատրաստեցինք Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»։

ԵԱՀԿ-ի համանախագահները երախտագիտություն են հայտնում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ում ջանքերի շնորհիվ հաջողվեց դնել Մադրիդյան փաստաթղթի հիմքերը։

ԱՄՆ -- Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, արխիվ
«Մենք երախտապարտ ենք նաեւ նախագահ Սարգսյանին եւ արտգործնախարար Նալբանդյանին այն զգալի առաջընթացի համար, որին հաջողվեց հասնել բարդ, բայց կառուցողական քննարկումների ընթացքում։ Դրա շնորհիվ մեզ հաջողվեց հետեւում թողնել Մադրիդյան փաստաթուղթը։ Մենք այժմ հնարավորություն ունենք ավարտուն տեսքի հասցնել Հիմնարար սկզբունքները», - փոխանցեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

«Ադրբեջանը նույնպես կառուցողական դիրքորոշում է ունեցել, թեեւ նախագահ Ալիեւը եւ արտգործնախարար Մամեդյարովը պաշտպանում են իրենց ազգային շահը այնպես, ինչպես դա անում են նրանց հայաստանցի պաշտոնակիցները», - հավելեց Մեթյու Բրայզան։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կրակովում՝ 25-26-ին։

Հուլիսի 17-ին` դեմ առ դեմ ձեւաչափով եւ հուլիսի 19-ին` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Մոսկվայում կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որոնց արդյունքում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առաջընթաց չարձանագրեցին, նշելով, սակայն, որ չի եղել նաեւ ետընթաց։

Ադրբեջանական Trend.az գործակալությանը տված հարցազրույցում անցած շաբաթավերջին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հույս էր հայտնել, որ հոկտեմբերի սկզբին Քիշնեւում նախատեսվող հերթական Սարգսյան-Ալիեւ բանակցությունները ավելի արդյունավետ կլինեն։

«Հուսով եմ, որ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի՝ Քիշնեւում հոկտեմբերի սկզբին կայանալիք հանդիպմանը կհաջողվի անել այն, ինչ չհաջողվեց մոսկովյան հանդիպման ընթացքում», - ասել է Մերզլյակովը։

Հոկտեմբերի սկզբին Քիշնեւում նախատեսվում է ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական հանդիպումը, որի ընթացքում, հնարավոր է, որ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը։

Սեպտեմբերին սպասվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը, որի ընթացքում կհստակեցվի Սարգսյան-Ալիեւ հոկտեմբերյան բանակցություններում քննարկվելիք հարցերի շրջանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG