Մատչելիության հղումներ

Հանրահայտ Բոբ Սինքլերը ելույթ կունենա Երեւանում


Սիրահարների այգին պատրաստվում է հյուրընկալել Բոբ Սինքլերին։ Ընդամենը 2 օրից այստեղ 9 ժամանոց համերգ-փառատոնի ընթացքում կհնչեն երիտասարդներին ոտքի հանող երաժշտության հնչյուններ:

Երեկոյի առաջին մասում այգու բացօթյա բեմը կտրամադրվի հայաստանյան «Ռեիկառնացիա», «Եվա» խմբերին, «Արմենոիդզ» երաժշտական նախագծին ու էլի մի քանի մասնակիցների, ովքեր պիտի պատրաստեն ներկաներին` դիմավորելու օրվա գլխավոր հերոսին` ֆրանսիացի հանրահայտ DJ Բոբ Սինքլերին։

Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացնում է «Վիվա Մյուզիք» ընկերությունը, որի տնօրեն Սեւակ Մաջարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում, ասաց, թե սա իսկապես շատ մեծ իրադրաձություն է:

Բացօթյա համերգ-փառատոնի երկրորդ հատվածում էլեկտրոնային երաժշտություն է հնչելու, որի մեկնարկը կազդարարի Հայաստանում գործող միակ իգական սեռի DJ-ը` Վակցինան, ով թեեւ ավելի ծանր երաժշտության սիրահար է, բայց «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդ օրը պիտի փորձի պարի տրամադրել ներկաներին. - «Ինձ վրա դրված է ներկաներին ոտքի հանելու պարտականությունը, պետք է պարացնեմ հանդիսատեսին մինչեւ նրա հայտնվելը»։

Ֆրանսիացի Բոբ Սինքելերը DJ-ությամբ զբաղվում է արդեն 23 տարի, հասցրել է իր ստեղծած երաժշտության հնչյուններով գերել բազում երիտասարդների երկրագնդի տարբեր անկյուններում` Ամերիկայից մինչեւ Աֆրիկա։ Թողարկել է մի քանի ալբոմներ, դրանցից ամենաթարմը` 2009-ի մայիսին, որ կոչել է Born in 69, առաջադրվել է ու արժանացել տարբեր հեղինակավոր երաժշտական մրցանակների։

Հուլիսի 29-ին Սիրահարների այգին բաժանված կլինի 3 գոտիների. առաջինը՝ բեմի շուրջը, երկրորդը՝ միջոցառման հյուրերի գոտին է, իսկ երրորդ հատվածում տեղ կունենան այն մարդիկ, ովքեր նախընտրում են մի փոքր հեռու լինել բարձր երաժշտությունից։ Այգու եւ միջոցառման մուտքը, սակայն, բաց չի լինի։ Դարպասներից ներս կհայտնվեն միայն նրանք, ովքեր կգնեն հինգ հազար դրամ արժեցող տոմսեր։

Փառատոնի կազմակերպիչներն այդ օրը փորձելու են ապահովել բարձրորակ ձայն, լույսեր, Սիրահարների այգիու լճի հատվածում հատուկ փրփուրի շոու են իրականացնելու։
XS
SM
MD
LG