Մատչելիության հղումներ

Ղարաբաղը «վաղ թե ուշ կմասնակցի բանակցություններին»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա, Նոյեմբեր 2008
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզա, Նոյեմբեր 2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղը «վաղ թե ուշ անմիջականորեն կմասնակցի բանակցություններին»:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցությանը վերաբերող հարցին Բրայզան ասել է. - «Նրանք մասնակցում էին բանակցություններին՝ մինչեւ մի քանի տարի առաջ, երբ հայկական կողմը՝ Երեւանը որոշում կայացրեց, որ բանակցություններում կներկայացնի նրանց»։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի գնահատմամբ, բանակցային սեղան Ղարաբաղի ներկայացուցիչներին ետ բերելու համար պետք է կայացվի «փոխադարձ համաձայնություն». - «Եվ մենք հույս ունենք, որ դա կկայացվի, ինչ-որ պահի Ղարաբաղը բանակցություններին պետք է ուղղակիորեն մասնակցի։ Անուղղակիորեն նրանք արդեն մասնակցում են: Մենք լսում ենք կարծիքները: Եվ, իհարկե, մենք նրանց կարծիքն էլ պետք է հաշվի առնենք բանակցություններում։ Հակառակ դեպքում անհնար կլինի լուծումն ընդունելի դարձնել այն մարդկանց համար, ում վրա դա անմիջական ազդեցություն է ունենալու»:

Հարցին, թե ո՞ր կողմը պետք է առաջին քայլն անի փոխադարձ համաձայնությանն ընդառաջ, Բրայզան պատասխանել է. - «Կառուցողական կամ նույնիսկ ճիշտ չի լինի խոսել այս կամ այն կողմի` առաջին քայլը կատարելու մասին։ Հիմնարար սկզբունքները հորդորում են կողմերին համաժամանակյա քայլեր ձեռնարկել»:

«Ինչպես հուլիսի սկզբին տված իր հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո 5 տարածքները` Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Զանգելանը եւԿուբաթլուն, Ադրբեջանին կվերադարձվեն անմիջապես, 2-ը` Լաչինը եւ Քյալբաջարը` 5 տարի հետո։ Այսինքն», - մանրամասնում է Բրայզան, - «նա [Ալիեւը] ասում է` անմիջապես կլինի տարածքների վերադարձ, բայց մի քանիսը ավելի ուշ կվերադարձվեն։ Միաժամանակ, Ադրբեջանը նույնպես քայլեր կձեռնարկի։ Սա, մասնավորապես, ներառում է Ալիեւի մեկնաբանությունները Հայաստանը եւ Ղարաբաղը կապող միջանցքի մասին, ինչպես նաեւ` նրա պատկերացումները կամ առաջարկները կարգավիճակի վերաբերյալ»։

«Եռանախագահները նույնպես խոսում են միջանկյալ կարգավիճակի մասին։ Այս ամենը պետք է կատարվի միաժամանակ, չնայած` ընդհանուր գործընթացի որոշակի տարրեր կիրագործվեն փուլային տարբերակով», - հավելել է ամերիկացի համանախագահը։ - «Եթե ուզում են հարցը կարգավորել, կողմերը պետք է դիմեն ռիսկի»:

Բրայզայի կարծիքով, երկու նախագահների համար էլ դժվար է համոզել մարդկանց` դիմել ռիսկի։ Միեւնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետի գնահատմամբ` անհնար է հասնել համաձայնության՝ եթե հասարակությունները համաձայն չլինեն։

Մեթյու Բրայզան խոսել է նաեւ շաբաթավերջին Լեհաստանի Կրակով քաղաքում Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին:

«Հուլիսի 10-ին Ակվիլայում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ նրանք, ի թիվս այլ հարցերի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին հանձնարարեցին նաեւ պատրաստել Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը։ Եվ հենց դրա համար մենք հավաքվելու ենք այս շաբաթավերջին լեհական Կրակովում», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG