Մատչելիության հղումներ

Հայտնի դարձան «Ոսկե ծիրան» վեցերորդ կինոփառատոնի մրցանակակիրները


«Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիր Գեորգի Օվաշվիլի
«Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիր Գեորգի Օվաշվիլի

«Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնը ավարտված է. միջազգային հինգ ժյուրիները կիրակի օրը հրապարակեցին հաղթող ֆիլմերի անունները եւ հանձնեցին մրցանակները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում փառատոնի «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացավ վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլին` «Մյուս ափը» ֆիլմի համար: Հատուկ` «Արծաթե ծիրան» մրցանակի արժանացավ լեհ ռեժիսոր Միխալ Ռոսան` «Քերծվածք» ֆիլմի համար: Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ շնորհվեց համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերին` «Աշուն» ֆիլմի համար:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացավ դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդը` «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմի համար: Հատուկ մրցանակ` «Արծաթե ծիրան» շնորհվեց Սերգեյ Բուկովսկուն` «Ողջերը» ֆիլմի համար, ժյուրիի հատուկ մրցանակ` հնդկաստանցի Ֆայզա Ահմադ Խանին` «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմի համար:

Հայկական համայնապատկեր մրցույթում գլխավոր մրցանակը շնորհվեց Արկա Մանուկյանին` «Սիրով եւ երախտագիտությամբ» ֆիլմի համար: Ժյուրիի դիպլոմների արժանացան Լեւոն Քալանթարը` «Կովկասի ազգականուհին» ֆիլմի համար, եւ Ֆրեդերիկ Բալեգջյանը` «Մեր աշխարհը» ֆիլմի համար:

FIPRESCI-ի` Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը շնորհվեց Օզջան Ալփերին` «Աշուն» ֆիլմի համար, Էկումենիկ ժյուրիի մրցանակը` Գեորգի Օվաշվիլիին` «Մյուս ափը» ֆիլմի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG