Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հերթական հրազենային միջադեպն է տեղի ունեցել


Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում երեկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում այդ գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը հրազենային վնասվածք է ստացել: Միջադեպի հետ կապված շրջանառվում է Գյումրիի քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանի անունը:

Երեկ երեկոյան ժամը 19-ից 20-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը:

Վերջինիս նախ տարել են Մարալիկի հիվանդանոց, այնուհետեւ տեղափոխել են Գյումրի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ Հակոբյանին վիրահատել են:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Խաչիկ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Գեւորգ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, «անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով ձախ ոտքի մասում վնասվածք է պատճառել 1955 թվականին ծնված Գեւորգ Հ.-ին»: Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, Գյումրիից մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ եղել է նաեւ Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցուց դեպի Էջմիածին ուխտավորության են գնացել: Ճանապարհին նրանց հերթական կանգառը տեղի է ունեցել Սառնաղբյուր գյուղի վանքում:

Սառնաղբյուր գյուղի բնակիչների վկայությամբ, որ Գեւորգ Հակոբյանը փորձել է կանխել Գյումրիից եկած երիտասարդների մուտքը բարձր լարման հոսանքագծերով տարածք: Ի պատասխան երիտասարդներից մեկը ատրճանակով կրակել է Հակոբյանի ուղղությամբ:

«Պիստալետով ինչո՞ւ են եկել լիճ: Զինված մարդն ի՞նչ գործ ունի այդտեղ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովմունք արտահայտեց գյուղի բնակչուհիներից մեկը:

Դեպքի վայրում տեղազննություն կատարող ոստիկաններին գյուղի բնակիչները ասել են, թե տեղյակ չեն, թե կոնկրետ ով է եղել կրակողը:

«Ամբողջ գյուղն է վախեցած, միայն մենք չենք վախեցած», - ասած տարեց մի կին:

Ուխտավոր երիտասարդների խումբը բերման է ենթարկվել ոստիկանության Անի բաժին: Բերման ենթարկվածների թվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:

Սպարտակ Ղուկասյանի անունը առաջին անգամը չէ, որ հիշատակվում է հրազենի օգտագործմամբ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: 2007 թվականի մայիսին Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով Գյումրիի քաղաքապետի որդին դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, սակայն 2008 թվականի հունվարին, ժամանակից շուտ ազատ էր արձակվել:
XS
SM
MD
LG