Մատչելիության հղումներ

Ըստ ճշտված ցուցակի` կործանված «Տու-154»-ում 36 հայ է եղել, որոնցից 5-ը` Հայաստանի քաղաքացի


Վերջնականապես ճշտվել են հուլիսի 15-ին աղետի ենթարկված «Տու-154» օդանավի ուղեւորների անունները: Ինչպես կառավարության հինգշաբթի օրվա նիստում հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, համաձայն ցուցակի` «36-ը հայազգի քաղաքացիներ են եղել օդանավում, որոնցից 3 ուղեւորներ եւ 2 ավիատեխնիկներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել, երեխաների թիվը եղել է 4, որից մեկը հայազգի է»:

Մովսիսյանը տեղեկացրեց, որ վթարի պատճառով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված օպերատիվ շտաբը աշխատել է նաեւ գիշերը:

«Հիմնականում աշխատանքները պայմանավորված են եղել ուղեւորների ցուցակների հետ կապված ճշտումներով, ինչպես նաեւ այսօր օդանավ է ժամանելու Հայաստանի Հանրապետություն, եւ [զոհվածների] հարազատներին տեղափոխելու են այնտեղ: Հարազատներից 50-51 անձինք ցանկություն են հայտնել այսօրվա չվերթից օգտվել եւ լինել Թեհրանում», - ասաց Մովսիսյանը` հավելելով, որ տուժածների հարազատներին Թեհրան, այնուհետեւ վթարի վայր տեղափոխելու եւ հյուրանոցի ծախսերն ամբողջությամբ հոգալու է Caspian Airlines ընկերությունը, որին պատկանում էր աղետի ենթարկված օդանավը:

Պաշտոնյան հայտնեց, որ անցած գիշերվա ընթացքում հայտնաբերվել եւ Թեհրան են տեղափոխվել վթարի ենթարկված ինքնաթիռի երեք «սեւ արկղերից» երկուսը. - «Թեհրանում բացվելու է. եթե «սեւ արկղերը» վնասված չեն, ուրեմն` ամբողջությամբ վերծանումը կլինի այնտեղ, իսկ եթե վնասված են` անպայման կտեղափոխվեն Մոսկվա, որպեսզի ավելի որակով ինֆորմացիան լինի: 11 հանձնաժողով է ստեղծված թեհրանական կողմում` ավիացիոն տարբեր մասնագիտական ուղղություններով»:

Առավոտից «Զվարթնոց» օդանավակայան էին եկել զոհվածների հարազատները, ովքեր պատրաստվում էին մեկնել Թեհրան:

Զոհվածների հարազատները մեկնեցին Իրան
please wait

No media source currently available

0:00 0:05:35 0:00


Զոհվածների հարազատներին`շուրջ 50 մարդու, տեղափոխող օդանավը Երեւանից մեկնեց ժամը 14:02:

Քննարկելով ավիավթարի հետեւանքով զոհված Հայաստանի քաղաքացիների ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը` կառավարությունը հինգշաբթի օրը որոշեց 7 միլիոն 500 հազար դրամ (մոտ 20 հազար դոլար) հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով, յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1 միլիոն 500 հազար դրամ:

Եվս 675 հազար դրամ հատկացվեց Երեւանի քաղաքապետարանին` հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար, յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135 հազար դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին թույլատրվել է զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ տրամադրել հատկացված միջոցները, ֆինանսների նախարարությանը` նախարարության աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ` ավիավթարից զոհված Հայաստանի քաղաքացիների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հանգանակվող միջոցների հավաքման եւ դրանք ըստ հանգանակողների կողմից նշված ուղղությունների ծախսելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG