Մատչելիության հղումներ

Արթուր Ավագյանի առողջական վիճակը բավարար է


Կալիֆորնիայի նահանգի Glendale Memorial հիվանդանոցում երկու օր առաջ անցկացված վիրահատությունից հետո 22-ամյա Արթուր Ավագյանի առողջական վիճակը, մասնագետների գնահատմամբ, բավարար է:

Հայկական կրթական-բարեսիրական միության ներկայացուցիչ, ամերիկահայ Համբիկ Սարաֆյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արթուրը դեռ հիվանդանոցում է:

«Վաղը արդեն դուրս կգրվի, եւ մի շաբաթվա ընթացքում մենք բավականին տարբերություն կտեսնենք», - շարունակեց նա: - «Շատ հստակ եւ շատ ցայտուն կերպով բարելավվելու է իր կյանքի որակը»:

Անցյալ տարի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում հրազենային գնդակից վիրավորված Արթուրին Երեւանում վիրահատել էին, հրազենային վերքերը բուժվել էին, բայց երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում անգամ խոսել, ուտել եւ խմել։

Արթուրը վերադառնալու է Երեւան, սակայն, Սարաֆյանի խոսքով, Միացյալ Նահանգներում կմնա այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի «բացառվի որեւէ բարդության կամ ինֆեկցիայի հնարավորությունը»:

«Որից հետո ինքը կվերադառնա Երեւան, մոտ 5-6 ամիս Երեւանում կմնա, ապա նորից կվերադառնա Ամերիկա: Վեց ամիս հետո արվելիք գործը զուտ ատամնաբուժական, գեղեցկագիտական, կարելի է ասել, գործ է: Հիմնական գործը արդեն արվել է», - հավելեց Համբիկ Սարաֆյանը: - «Նա հետո դառնալու է լիարժեք. երկու կողմով ե'ւ կարողանալու է ծամել, ե'ւ կարողանալու է կուլ տալ»:

Երեւանում երեկ լուրեր էին տարածվել, թե Արթուրի բերանի խոռոչից օտար մարմիններ, մետաղական ինչ-որ իրեր են հանել վիրահատության ժամանակ: Համբիկ Սարաֆյանը կտրականապես հերքեց դա. – «Ոչ: Օտար մարմինների հետ կապված շատ բան չկար: Իր մոտ լեզվի մեջ կան ոսկորներ, որոնք հանելը նպատակահարմար չհամարվեց: Ամենայն հավանականությամբ, իր ծնոտի ոսկորի կտորներն էին, որ հասել էին մինչեւ իր լեզվի արմատը»:

Անցյալ տարի մարտի 1-ին հրազենային գնդակը դիպել էր Արթուրին՝ վզի ձախ կողմից եւ դուրս եկել աջ այտի շրջանում։ Հենց այդ պատկերով տեսագրությունը տեղադրվել էր YouTube կայքէջում։

«Արթուրը Միացյալ Նահանգներում ապրող հայության համար մարտիմեկյան այդ ողբերգական իրադարձությունների խորհրդանիշն էր դարձել», - ասաց Համբիկ Սարաֆյանը՝ հավելելով, որ դեռ մեկ տարի առաջ սկսել են հետաքրքրվել Արթուրի առողջական վիճակով, նրան օգնություն ցույց տալու ելքեր ենք փնտրել։

«Որոշակի դժվարություններ էին առաջացել նաեւ Արթուրի առողջական վիճակի մասին լուրջ մասնագիտական տեղեկություններ ստանալու առումով», - ասաց Համբիկ Սարաֆյանը։

Հարցին, թե դիմե՞լ էին արդյոք Հայաստանի առողջապահության նախարարություն կամ որեւէ բժշկական հաստատություն, Սարաֆյանը պատասխանեց, որ չեն դիմել եւ իրենց էլ աջակցություն չի առաջարկվել. - «Մեզ հետաքրքրում էր, որ արդյոք Հայաստանում կլինի՞ մեկը, որ մեզ էպիկրիզ կտա, որ իմանանք, թե ինչ աստիճանի իր մոտ բարդություններ կան: Փաստորեն, բացի այն բժշկից, որ նախնական առաջին օգնությունն է ցուցաբերել Արթուրին, շատ բժիշկներ խուսափել են այդ անելուց: Երեւի նույնիսկ մտահոգված են եղել քաղաքական ենթատեքստով»:

Այդուամենայնիվ, ամեն ինչ կարծես բարեհաջող ավարտվել է, լրացուցիչ վիրահատության անհրաժեշտություն չկա։

«Այս պատմության ամենագեղեցիկ մասը նա է, որ շատ մասնակիցներ ուներ, եւ այդ բոլոր մասնակիցներն էլ նույն մտածելակերպով, նույն մոտեցումն ունեցան այս հարցին՝ օգտակար լինել, բարելավել այս երիտասարդի կյանքը: Բոլոր մասնակիցները անխտիր ուզեցիր կամավորաբար այդ գործը անել եւ ձրի անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG