Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը Սուրբ Զորավոր եկեղեցում, 12-ը հուլիսի, 2009 թ.
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը Սուրբ Զորավոր եկեղեցում, 12-ը հուլիսի, 2009 թ.

Հուլիսի 12-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 19-ը։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան 100 ֆիլմ՝ 52 երկրներից։

Կինոփառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում՝ ծիրանի օրհնությամբ, որը շարունակվեց երեկոյան՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնը բացվեց ֆրանսիացի կինոռեժիսոր Լորեն Թիուելի «Շրջանի ներսում» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմի պրոդյուսերն է ֆրանսահայ անվանի կինոգործիչ, Կաննի կինոփառատոնի համանախագահ Ալան Թերզյանը։

Երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մասնավորապես, ասաց. - «Իսկապես ընդլայնվում են շրջանակները եւ փառատոնի մասնակից երկրների շրջանակները։ 52 երկիր՝ դա արդեն շատ պատկառելի թիվ է, եւ այդ երկրների մեջ կան այնպիսի երկրներ, ինչպես օրինակ Հոնդուրասը, Բոլիվիան, Լաոսը, Ինդոնեզիան։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ այդ երկրներում գիտեն փառատոնի մասին եւ ուղարկում են մեզ ֆիլմեր»։

Հուլիսի 13-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի բացումը, կկայանան հանդիպումներ Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների՝ Ալան Թերզյանի, Անջեյ Կրակովսկու, Սերգեյ Սոլովյովի, Տատյանա Դրուբիչի եւ այլոց հետ։ Այսօր ամերիկյան հեղինակային կինոյի վարպետ Ռոբ Նիլսոնը նաեւ վարպետության դասեր կտա Հայաստանի երիտասարդ կինոգործիչներին։

Փառատոնի 7 օրերի ընթացքում հայ եւ արտասահմանցի կինոգործիչների աշխատանքները էկրան կբարձրանան 3 մրցութային ծրագրերով. «միջազգային խաղարկային», «միջազգային վավերագրական» եւ «հայկական համայնապատկեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG