Մատչելիության հղումներ

Հուլիսի 10-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հուլիսի 1-ին` ընդդիմության հանրահավաքի իրազեկման ժամանակ, ըստ ոստիկանության, միանգամից մի քանի ոստիկանների ծեծած Տիգրան Առաքելյանը, պարզվում է, զինվորական ծառայության նվազագույն նորմատիվներին չհամապատասխանելու պատճառով ազատված է եղել զինվորական ծառայությունից: Ինչպես երեկ մեզ փոխանցեց Տիգրան Առաքելյանի քեռին` Երջանիկ Ավետիսյանը, Տիգրանի քաշը 45 կիլոգրամից ցածր է եղել, հասակն էլ` մոտ 1 մետր 50 կամ 55 սանտիմետր: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը, ում նախօրեին կալանավորեցին, արդեն մի քանի օր է` անժամկետ հացադուլ է սկսել: Այն գործը, որ սարքեցին ոստիկանությունում հուլիսի 1-ին տեղի ունեցած միջադեպից հետո, արդեն հասարակության կողմից որակվել է «խայտառակություն»: Բայց պարզվում է` դա մեղմ է ասված»:

«Առավոտ» թերթի լրագրողը հետեւյալ հարցն է ուղղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին. - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1677 բանաձեւի 12-րդ կետով առաջարկվում է չհետաձգել «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը: Արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի վերաբերող բանաձեւերում տեղ գտնում «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու, ըստ այդմ՝ մրցույթ հայտարարելու պահանջը»: Դավթյանը պատասախանում է. - «Որպես կանոն, այդ հարցադրումն անելիս, շատերը կարծում են, թե Եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+»-ին պիտի տրամադրվի հեռարձակման արտոնագիր: Իրականում վճիռը ենթադրում է, որ ուղղակի պիտի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ հայտարարվի, որի արդյունքները կասկածելի չպիտի լինեն: Եվ այդ մրցույթին իրավունք կունենա մասնակցել «Ա1+»-ը: Օրենքում կատարված փոփոխությամբ՝ ՀՌԱՀ-ը (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը) չի կարող որոշում կայացնել՝ առանց պատճառաբանելու, թե ինչու է մերժվում այս կամ այն հայտը: Եվ ՀՌԱՀ-ի այն անդամները, որոնք կընտրվեն Ազգային ժողովի կողմից, մեծ անելիքներ ունեն այս կապակցությամբ, քանի որ պիտի ընդունեն մրցույթի անցկացման համապատասխան կարգը: Բանաձեւի տվյալ կետը չի ենթադրում, թե մենք պետք է չեղյալ համարենք այդ օրենքը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ հարցազրույցում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, անդրադառնալով համաներմամբ ազատ արձակվածների վերջին հայտարարություններին, նկատում է. - «Իհարկե, եթե իշխանությունը պինդ լիներ, կասեր՝ չափներդ ճանաչեք, եւ եթե ձեզ ներում են, եկեք եւ խոնարհաբար շնորհակալություն հայտնեք դրա համար։ Բայց իշխանության տեղը պինդ չէ։ Ի՞նչ է, մենք չգիտե՞նք՝ ովքեր են նստած պառլամենտում։ Չգիտե՞նք՝ կառավարությունում ովքեր են նստած։ Մեր կուսակցությունն աջակցում է հանրապետության նախագահին, բայց չի աջակցում այն մարդկանց, ովքեր, օգտվելով նրանից, որ 5-րդ շարասյունն անընդհատ հարվածում է իշխանություններին, օգտվելով աշխարհաքաղաքական ճնշումներից, բուն են դրել պառլամենտում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական այլ կառույցներում, եւ երկրին ու ժողովրդին ծառայելու փոխարեն երկիրը եւ ժողովուրդը ծառայեցնում են իրենց։ Հենց նրանք են մեղավոր, որ հհշականներն այսօր լեզուները երկարացնում են։ Եթե պետությունը ուժեղ լիներ, տեղը կդներ այդ «քաղբանտարկյալ» կոչեցյալներին»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ ու նրանց բացատրել, թե որն է Հանրային խորհրդի խնդիրը: Նույնիսկ ելույթ ունեցել: Բայց խնդիրն այդ դեպքում այն չէ, թե ինչ է ասել իր ելույթում Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է նա հանկարծ հիշել Հանրային խորհրդի մասին: Պատճառն ըստ երեւույթին Ղարաբաղյան բանակցություններում սպասվող «առաջընթացն է»: Սերժ Սարգսյանին պետք է մի կառույց, որն իբր ներկայացնում է «հանրության կարծիքը», եւ պետք է, որ այդ կառույցը հանրության անունից Սերժ Սարգսյանին թույլ չտա ստորագրել շրջանակային համաձայնագիրը»:

«Իրավունք» թերթը քննադատություն է հնչեցնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ձեռնարկության հասցեին: Թերթում կարդում ենք. - «Այն, որ Գլադունչիկի ղեկավարած «Էլեկտրական ցանցեր» ձեռնարկությունը պարզապես ոտնակոխ է անում Հայաստանի սպառողների իրավունքները, բազմիցս ասվել է: Սակայն ռուսական այդ ընկերությունը շարունակում է լրիվ ավելորդ համարել սպառողներին պատշաճ կարգով անջատումների մասին տեղեկացնելը: Թեեւ ՀԷՑ-ը պնդում է, որ անջատումների պատճառը պլանային նորոգումներն են, սակայն մարդիկ նշում են էլցանցերի սարսափելի վատ տեխնիկական վիճակը, ինչպես նաեւ գողությունները: Երեւի թե այստեղ մեղավոր ենք նաեւ մենք՝ հայերս, նախ՝ որ թույլ ենք տվել օտարներին ձեռք գցել մեր ազգային կարեւորագույն համակարգերին , եւ ապա՝ դուրս թողնել վերջիններիս որեւէ վերահսկողությունից: Թե ինչո՞վ են զբաղվում սպառողների իրավունքների պատշպանության մի խուրձ պետական եւ հասարակական կազմակերպությունները, մնում է անհայտ»:

«Կապիտալ» թերթից տեղեկանում ենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 5.2%. - «Սա նշանակում է, որ հունիսին տեղի է ունեցել 0.3% գնանկում: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ գնաճը 5.5% էր: Հիմնական գնանկումը տեղի է ունեցել ձվի (6.7%), բանջարեղենի եւ կարտոֆիլի (10.5%), վառելիքի (2.5%), ձկնամթերքի (1.6%) շուկաներում: Ընդհանուր առմամբ, նախորդ ամսվա նկատմամբ վիճակագրությունը ցույց է տալիս պարենային ապրանքների 1.4% գնանկում, եւ ոչ պարենային ապրանքների 2% գնաճ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG