Մատչելիության հղումներ

«Մեծ ութնյակը դադարում է ընտրյալների փակ ակումբ լինելուց»


Մեծ ութնյակի գագաթնաժողովի մասնակիցները, Ակվիլ, 8 հուլիսի, 2009
Մեծ ութնյակի գագաթնաժողովի մասնակիցները, Ակվիլ, 8 հուլիսի, 2009

Իտալական Ակվիլում արդեն երկրորդ օրն է` շարունակվում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որի ուշադրության կենտրոնում տնտեսական ճգնաժամն է եւ պայքարը գլոբալ ջերմացման դեմ:

Ակնկալվում է, որ հինգշաբթի օրը հանդիպումներին կմիանան նաեւ արագ զարգացող երկրների, այդ թվում` Չինաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները:

«Մեծ ութնյակը դադարում է ընտրյալների փակ ակումբ լինելուց: Աշխարհի առաջատարները հասկանում են, որ հրատապ խնդիրների լուծումը հնարավոր է միայն բոլորի համատեղ ուժերով», - մեկնաբանելով այս տարվա հանդիպման ձեւաչափը` ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը:

«Անշուշտ, Մեծ ութնյակի ձեւաչափը իրեն չի սպառել, սակայն այժմ այն սկսում է երկխոսություն արտաքին աշխարհի հետ` երկխոսություն, որին հետզհետե առավել մեծ թվով երկրներ են միանում: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այս առումով շատ բարձր նշաձող է սահմանել եւ խիզախորեն Ակվիլ է հրավիրել աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրների ղեկավարների: Ինձ թվում է, որ սա էական քայլ է մարդկության առջեւ կանգնած ֆինանսական եւ քաղաքական խնդիրների լրջությունն ու խորությունը ըմբռնելու ճանապարհին», - ընդգծել է Կոսաչյովը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շուրջ նախօրեին տեղի ունեցած քննարկումների ժամանակ, արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Մեծ ութնյակի ղեկավարները համաձայնել են շարունակել համատեղ եւ համաձայնեցված պայքարը:

«Չնայած բարելավման որոշ նշաններին` այդուամենայնիվ, տնտեսական դրությունը շարունակում է մնալ երերուն: Մենք կշարունակենք անհատապես եւ համատեղ քայլեր ձեռնարկել` համաշխարհային տնտեսության համար ապահովելու ամուր, կայուն եւ հարատեւ զարգացում», - հայտարարել են Մեծ ութնյակի երկրների ղեկավարները չորեքշաբթշի օրը տեղի ունեցած քննարկումների ավարտին:

Ֆինանսական ճգնաժամի դեմ համատեղ եւ հետեւողական պայքարից բացի` Մեծ ութնյակի առաջնորդները հայտարարություն են ընդունել նաեւ գլոբալ ջերմացման մասին: Փաստաթղթում, մասնավորապես, Մեծ ութնյակի երկրները պարտավորվում են քայլեր ձեռնարկել, որոնք թույլ չեն տա ջերմաստիճանի` 2 աստիճանից ավելի բարձրացում:

«Սա հսկայական առաջընթաց քայլ էր», - քննարկումներից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ընդգծելով, որ երկարատեւ պայքարից հետո այժմ Մեծ ութնյակի բոլոր երկրները` Միացյալ Նահանգներից մինչեւ Ճապոնիա եւ Եվրոպա, պարտավորվել են համատեղ աշխատել առաջադրված նպատակին հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG