Մատչելիության հղումներ

Ամերիկացի դիվանագետը ողջունում է համաներմամբ ընդդիմադիրների ազատ արձակումը


Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունեց համաներմամբ ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը Հայաստանում:

«Պետք է անկեղծ խոսենք` ինչ-որ դրական տեղաշարժ կա: Ազատ արձակվեցին մարդիկ, ինչի մասին մենք բավական երկար ժամանակ հորդորում էինք Հայաստանի իշխանություններին: Ողջունում ենք իշխանությունների այդ քայլը` միաժամանակ հույս հայտնելով, որ բոլորը ազատ կարձակվեն: Հույս ունենք նաեւ, որ ժողովրդավարական բարեփոխումներին այս երկրում նոր լիցք կհաղորդվի: Սա առաջին քայլն էր բազմաթիվ հնարավոր քայլերի շարքում, բայց թույլ տվեք առայժմ այսքանով սահմանափակվել», - հայտարարեց Բրայզան:

Խոսելով ժողովրդավարական բարեփոխումների մասին` ամերիկացի դիվանագետը նաեւ անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրություններին, որոնք արժանացել են Միացյալ Նահանգների սուր քննադատությանը եւ որոնք, ըստ Մեթյու Բրայզայի, որոշիչ դեր խաղացին, որպեսզի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը չափասառեցնի Հայաստանում իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման 64 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ենթածրագրի ֆինանսավորումը:

«Մենք ցանկանում ենք, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը Հայաստանում շարունակվի, սակայն երբ պարզ դարձավ, որ վերջին ընտրությունները քայլ առաջ չէին, տնօրենների խորհուրդը անկարող էր վերականգնել ճանապարհաշինարարական ենթածրագրի ֆինանսավորումը, եւ հավանաբար մինչեւ ամբողջական ծրագրի ավարտը այդ ենթածրագիրը չի ֆինանսավորվի», - ասաց Բրայզան` միաժամանակ հավելելով. - «Միացյալ Նահանգները ցանկանում է համագործակցել Հայաստանի կառավարության հետ եւ բարեփոխումներին զուգընթաց` փորձելու ենք այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորում հայթայթել, որպեսզի բարելավենք Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց կյանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG