Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը հացադուլի մեջ է


Տիգրան Առաքելյան
Տիգրան Առաքելյան

Կիրակի օրը ձերբակալված եւ Էրեբունու ժամանակավոր ընդունիչ մեկուսարան տեղափոխված Տիգրան Առաքելյանը արդեն երրորդ օրն է` հացադուլի մեջ է: Այդպիսով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Առաքելյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, նա իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դեմ:

Չորեքշաբթի երեկոյան լրանում է Առաքելյանի ձերբակալման 72 ժամը: Մինչ այդ քննչական մարմինը պետք է մեղադրանք առաջադրի եւ դատարանում հանդես գա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:

«Տիգրանը սկզբում ցուցմունքներ տվեց ճշմարտացի` փորձելով օգնել նախաքննական մարմնին, բայց տեսնելով, որ ձերբակալվում է, այսինքն` իր ցուցմունքները որեւէ ճշմարտացի գնահատականի չեն արժանացվում, ձերբակալվելուց հետո հրաժարվեց որեւէ ցուցմունքներ տալուց` որպես բողոքի ակցիայի նման ինչ-որ մի բան, եւ հայտարարեց հացադուլ», - ասաց փաստաբանը:

Տիգրան Առաքելյանը կասկածվում է խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Պատժամիջոցը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է կամ տուգանքը` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով:

Ի պաշտպանություն ձերբակալված ընկերոջ` երեքշաբթի օրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել նաեւ Հայոց համազգային շարժման երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը Առաքելյանի ձերբակալությունը համարում է «ապօրինություն եւ ցինիզմ»:

«Ձերբակալությունը միանգամայն աբսուրդ է: Միգուցե Տիգրանին ձերբակալելով` փորձում են վախեցնել այլ մարդկանց, սակայն, միանշանակ, դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ այլեւս Հայաստանում, կարծում եմ, վաղուց է հաղթահարված այդ վախի մթնոլորտը: Նույնիսկ հակառակը` շատ երիտասարդներ, որոնք մինչ այս որոշակի պասիվություն էին ցուցաբերում, այսօր արդեն նրանք էլ են ոտքի բարձրացել, նրանք էլ են արդեն վրդովված իշխանությունների այս հերթական քայլից: Որովհետեւ բազմաթիվ են եղել երիտասարդությանը ծեծի ենթարկելու, ահաբեկելու փորձերը, բայց ձերբակալելը, ըստ էության` սա առաջին դեպքն էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարապետյանը:

Ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի Կարեն Կարապետյանի հայտարարած անժամկետ հացադուլին չորեքշաբթի օրվանից միացել է եւս 4 հոգի ընդդիմադիր երիտասարդական կազմակերպություններից` Առաքել Սեմիրջյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը եւ Նարեկ Այվազյանը:

«Ես ականատես եմ եղել ամենին, մեր երիտասարդներին ծեծեցին ու Տիգրանին ձերբակալեցին: Սա հանցավոր արարք է եւ պետք է պատասխան տան իրական հանցագործները` Կենտրոնի ոստիկանության օպերլիազորները, որոնց նկարները մենք ունենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգիս Գեւորգյանը:

Հացադուլավորները հատկապես Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին են պատասխանատու համարում կատարվածի համար. - «Կարապետյանը դեռ հիվանդանոցում հայտարարեց, որ մեր «քթից է բերելու», ու փորձում է դա անել»:

«Տիգրանին միանշանակ հետապնդում են իր քաղաքական հայացքների համար: Եթե այսօր նրան կալանավորեն, մեր հացադուլը կվերածվի զանգվածային ակցիաների», - ասացին երիտասարդ ընդդիմադիրները:

Հացադուլավորների գլխավերեւում փակցված են հուլիսի 1-ի ծեծկռտուքին մասնակցած 6 ոստիկանների նկարները;

Հայ ազգային կոնգրեսը Տիգրան Առաքելյանին համարում է հերթական քաղբանտարկյալը եւ հուլիսի 6-ին հանդես եկավ Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պաշտոնանկության պահանջով:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է, երբ որպես վկա կանչվել էր ոստիկանություն` հարցաքննվելու հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները հուլիսի 1-ին ահազանգել էին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի եւ բռնության են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Տիգրան Առաքելյանը եւ իր ընկերներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանք «Ազատություն» ռադիոկայանին պատմել էին, որ «Փարիզյան սուրճ» խանութի մոտ իրենց վրա հանկարծակի հարձակվել են 10-15 անձինք` քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու եւ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, փորձել են խլել բարձրախոսն ու թռուցիկները եւ տեսնելով, որ չի հաջողվում, սկսել են հայհոյել ու զենքերի կոթերով հարվածել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Սակայն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` երիտասարդներն են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել են, երբ ոստիկանները վկայականները ցույց են տվել ու փորձել հարթել շուրջ 6 տասնյակ մարդկանց վիճաբանությունը, արդյունքում` ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG