Մատչելիության հղումներ

Հուլիսի 8-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, դատողություններ անելով ժողովրդավարության մասին, պատկերավորում է. - «Բացում ես հհշական ցանկացած թերթ, ծանոթանում ՀԱԿ-ի ցանկացած հայտարարությանը, կարդում ցանկացած արմատական ակտիվիստի ցանկացած հարցազրույց՝ շարունակ միեւնույն բանն է. ժողովուրդը տենչում է ժողովրդավարության, շնչահեղձ լինում բռնապետության լծի տակ, բոլորս ի մա՜րտ՝ հանուն ազատության։ Նման կիսագրագետ դատողությունների եւ հեծեծանքների հիմքում ընկած է սկզբունքային սխալ, քանզի ժողովրդավարությունը ընդունակ է բազմապատիկ ավելի արդյունավետ սպանության, քան ավտորիտար համակարգը։ Ժողովրդավարության պատմությունը զանգվածային կոտորածների, մահվան ճամբարների, տոտալ դաժանության պատմություն է։ Այլ պատմություն ժողովրդավարությունը չունի։ Ժողովուրդը չի ղեկավարվում օրենքով, նա ինքն է ձեւավորում օրենքը, հարկ եղած դեպքում՝ շտկումներ մտցնում։ Ոչ մի բռնակալ, ոչ մի դիկտատոր ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել. Հոլոքոստի կամ ԳՈՒԼԱԳ-ի համար բռնապետությանը մեղադրելն անհեթեթ է։ Բռնակալը զուտ ֆիզիկապես անկարող է այդքան բնակչություն կոտորել, առանց ժողովրդական խանդավառության բռնակալն անզոր է։ Ամենատարածված սխալներից մեկը ժողովրդավարական կառավարման մեջ արդարություն ու գթասրտություն որոնելն է»։

«Հայք»-ը գրում է. - «Երեկ Տիգրան Սարգսյանն ընդունել է շատերի կողմից մոռացված, երբեմնի քաղաքական գործիչ եւ այլախոհ Պարույր Հայրիկյանին: Տիգրան Սարգսյանը Հայրիկյանին շնորհավորել է ծննդյան 60-ամյակի կապակցությամբ եւ որոշել պարգեւատրել անվանական զենքով: Թե ինչու են վարչախմբի ներկայացուցիչներն այսքան պաշտում զենքը, դժվար չէ կռահել: Հուսանք, որ ոստիկանությունում կգտնվեն սթափ մտածողության տեր մարդիկ, որոնք հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունենում վարչապետի նվիրած զենքերի հետ, հատուկ հսկողություն կսահմանեն Հայրիկյանի եւ հատկապես նրա զենքի նկատմամբ»:

«Հրապարակ»-ը հետեւյալ հարցն է ուղղել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին. - «Սահակաշվիլու պաշտոնական այցը Հայաստան եւ Սերժ Սարգսյանի կողմից մեդալով պարգեւատրվելը ռուսական քաղաքական շրջանակներում դժգոհություն առաջացրեց, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը թքեց այն ջրհորի մեջ, որից ջուր է խմում: Ձեր կարծիքով, այդ մեդալը չպե՞տք է տրվեր, կամ Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է բռներ, մի խոսքով` ճի՞շտ էր, թե՞ սխալ»: Վարդան Օսկանյանը պատասխանել է. - «Մեդալ տալ-չտալը դա Հայաստանի որոշումն է, կարծում եմ, որ ոչ ոք մեր փոխարեն պետք չէ, որ դա որոշի: Այլ խնդիր է, թե Հայաստանի մեդալ տալ-չտալու որոշումը ճի՞շտ որոշում է, թե՞ չէ, հաշվի առնելով հայ - վրացական հարաբերությունները, նաեւ այլ շահեր եւ խնդիրներ: Ինձ այստեղ ավելի մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանի կողմից արված քայլերին նման հակազդեցություններ են լինում, եւ սա առաջին անգամը չէ: ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու մեր որոշմանը նույնպես նման հակազդեցություն եղավ: Կարծում եմ, որ այսպիսի իրավիճակի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը այսօր կարծեք թե հրաժարվել է կոմպլեմենտար քաղաքականությունից, երբ չկա այդ սկզբունքը, արդեն տարբեր բեւեռներում գտնվող երկրների ակնկալությունները Հայաստանից փոխվում են, որովհետեւ նրանք չգիտեն` Հայաստանի մոտեցումը, ազգային շահը ինչ սկզբունքի վրա է առաջնորդվում: Դրա համար էլ ակնկալություններն են փոխվում, եւ յուրաքանչյուր կողմ ակնկալում է, որ Հայաստանը կկատարի այնպիսի քայլեր, որը համահունչ է նրանց շահերին»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթին, որտեղ նա վերլուծական անդրադարձ էր կատարել Հայաստանի տնտեսության վերջին բացասական միտումներին, գրում է. - «Այն ամենը, ինչի մասին երեկ ոգեւորված խոսել է ՀՀ վարչապետը, արդեն տարիներ շարունակ ասում են իշխանության ընդդիմախոսները: Սակայն տարիներ շարունակ նրանք դարձել են տարատեսակ հայլուրիկների ծաղրի թիրախներ: Երբ ընդդիմախոսները տարիներ շարունակ զգուշացնում էին այս ամենի մասին, հորթի երջանկությամբ անմեղսունակները եթերներից ու այլ ամբիոններից երկնիշ տոկոսներ էին թափահարում ու սազները ձեռքներին` Քոչարյանի գովքն էին երգում: Առաջին հայացքից կարելի է ուրախանալ, կարելի է իրար շնորհավորել, որ մեր երկրի վարչապետը, թեկուզեւ տարիների ուշացումով, ի վերջո հասկացել է, թե ինչ էր կատարվում մեր տնտեսության հետ տնտեսական «հրաշքի» տարիներին: Բայց դա` միայն առաջին հայացքից: Իրականում, վարչապետը սրանով ոչ թե պատրաստվում է ինչ-որ բան շտկել, այլ ընդամենը ստեղծում է պատրանք, որ այն, ինչ կատարվում եւ դեռ կատարվելու է Հայաստանում, իր մեղքով չէ, եւ դրանով էլ արդարացնելու է իր անգործությունը ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում»:

«Կապիտալ»-ի մի հրապարակումից պարզ է դառնում, թե ինչու սեկվեստր` բյուջեի ծախսային մասի կրճատում չի լինի: Թերթը գրում է. - «Հայաստանի կառավարությունը կարծես կարողացել է միջազգային ֆինանսական աղբյուրների հաշվին լուծել այս տարվա բյուջետային պակասուրդի խնդիրը: Իսկ բյուջեի պակասուրդը մեծանում է մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացման եւ հարկային եկամուտների կրճատման արդյունքում։ Արտաքին ֆինանսական միջոցների ստացումը կառավարությանը կարծես թույլ է տալիս խուսափել բյուջեի սեկվեստր հայտարարելուց, որի մասին պարբերաբար խոսում էին մի շարք տնտեսագետներ։ Ընդհանուր առմամբ՝ բյուջեի պակասուրդի և բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար արտաքին աղբյուրներից նախատեսված է ուղղել 800 միլիոն դոլար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG