Մատչելիության հղումներ

Սուրեն Սիրունյան. «Ամոթալի է, որ դատապարտվել եմ անօրինական 4 տարվա ազատազրկման»


Հետընտրական իրադարձությունների հետեւանքով շուրջ մեկեւկես տարի կալանավայրում անցկացրած եւ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը ընդդիմադիրների նկատմամբ կայացված դատավճիռները համարում է երկրի խայտառակությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, որ նյութեր են նախապատրաստում առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար` նպատակ ունենալով վերադաս ատյաններում արդարադատության հասնել:

Սուրեն Սիրունյանին եւ, այսպես կոչված` «7-ի գործով» անցնող մյուս 3 գործիչներին, առաջին ատյանի դատարանը հունիսի 22-ին մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` դատապարտելով 4-5 տարվա ազատազրկման: Այդուհանդերձ, նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից` համաներման որոշմամբ:

Ընդդիմադիր գործիչները, սակայն, դատական վերադաս ատյաններից արդարացման վճիռներ են ակնկալում: Սիրունյանը նույնիսկ «ամոթալի» է համարում համաներմամբ ազատ արձակվելը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա մեկնաբանեց. - «Իհարկե, ամոթալի է, որ դատարանում դատապարտվել եմ անօրինական 4 տարվա ազատազրկման, եւ դատարանի դահլիճից ազատ եմ արձակվել, քանի որ իմ մնացած ընկերները, որոնք նույնպես որեւիցե հանցագործություն չէին կատարել, այսօր մնացել են բանտերում»:

Բացի Սուրեն Սիրունյանից առաջին ատյանի վճիռները Վերաքննիչ դատարանում բողոքարկելու դիմումներ են պատրաստում նաեւ նախկին «7-ի գործով» անցնող Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի փաստաբանները:

«Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» տվյալներով, չնայած համաներման որոշմանը, այս պահին դեռ 24 ընդդիմադիրներ, կամ` իրենց բնորոշմամբ քաղբանտարկյալներ, ազատազրկման մեջ են:

Ռուբինյանի կանխատեսմամբ, բացի Գրիգոր Ոսկերչյանից, համաներման որոշումը կարող է մինչեւ սեպտեմբերի վերջ տարածվել եւս երկու հոգու` Ռոման Մնացականյանի եւ Սարգիս Հացպանյանի վրա, իսկ մնացած 2 տասնյակը ընդդիմադիրները դեռ կմնան բանտերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG