Մատչելիության հղումներ

Գրողների միության նախագահ վերընտրվեց Լեւոն Անանյանը


Հուլիսի 4-ին տեղի ունեցած Հայաստանի գրողների միության հերթական`15-րդ համագումարը, սպասումներին հակառակ, հաշտ ու խաղաղ անցավ: Օրակարգի հիմնական հարցը` Գրողների միության նախագահի ընտրությունն էր:

Համագումարը ներքին մի լարվածություն ուներ` երկու հիմնական թեկնածուների` Լեւոն Անանյանի եւ Ռազմիկ Դավոյանի առճակատման հետ կապված, բայց քանի որ Ռազմիկ Դավոյանի կողմնակիցներից շատերը ոչ թե Հայաստանի գրողների միության, այլ Հայ գրողների միության անդամներ են, իսկ այդ միությունը դեռ 1994-ից է անջատվել Հայաստանի գրողների միությունից եւ առանձին գրանցում ստացել, նրանցից շատերը չէին կարող մասնակցել այս համագումարին:

Մի քանի օր առաջ Հայ գրողների միության անդամները Կամերային երաժշտության տանը կայացած իրենց հավաքին որոշում էին ընդունել միավորվել Հայաստանի գրողների միության հետ: Այսօր էլ Ռազմիկ Դավոյանը համագումարի սկզբում փորձեց օրակարգի մեջ մտցնել այս հարցը, բայց համագումարը դեմ քվեարկեց եւ հարցն օրակարգ չմտավ:

Իր խոսքում Ռազմիկ Դավոյանը, ով Հայաստանի գրողների միության նախագահն էր 1994-96 թվականներին, անդրադարձավ իր հակառակորդների տարածած այն պնդումներին, թե, ժամանակի իշխանությունները իրեն վռնդել են Գրողների միությունից:

«Վանոն [Սիրադեղյան] ինձ դուրս չի շպրտել Գրողների միությունից: Դրանք բացարձակ հերյուրանքներ են: Իմ պայքարը եղել է Գրողների միության սեփականությունը պահպանելու համար», - հայտարարեց Դավոյանը:

Իր հերթին Լեւոնն Անանյանը` Գրողների միության գործող նախագահը, շեշտեց, որ ամեն ինչ արել է «ի շահ Գրողների միության եւ գրողների», թվարկեց իր նախագահության 8 տարիների ձեռքբերումները:

Նախընտրական իրենց ելույթներում նախագահի երկու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները` շեշտը դնելով գրողների նյութական, սոցիալ-տնտեսական խնդիրների վրա։

Ձայների մեծամասնությամբ Գրողների միության նախագահ վերընտրվեց Լեւոն Անանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG